|
28.07.2010 17:42
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Կառավարությունում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ 35 երիտասարդների հետ, զրուցել տարբերի հարցերի շուրջ ու լսել նրանց դիտարկումները նշված խնդիրների մասին:
Կազմակերպությունը փորձում է առանձնացնել մեր կյանքում առկա որոշ խնդիրներ ու դրանց հարթման նոր ուղիներ առաջարկել: Կառավարությունում այսօր նրանք երկրի վարչապետի հետ հանդիպմանը բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ:
Ապագա տնտեսագետ Հարությունը նշում է, որ «գտել ենք այն կետերը, որոնք հնարավոր է` ունեն բաց տեղեր եւ որոնք հետագայում կարող են ծնել որոշակի կոռուպցիոն ռիսկեր»:
Հարությունը մտահոգ է, թե ինչպես են ձեւավորվում բուհերի կառավարման խորհուրդները: Գուցե կառավարության միջամտությո՞ւնն է պետք, «որովհետեւ չեմ կարծում, որ ընտրություններն անցնում են թափանցիկ կամ բաց կերպով»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայն է դիտարկմանը, որ բուհերի կառավարման խորհուրդների աշխատանքը կարող էր շատ ավելի արդյունավետ լինել: Այս հարցը նա դիտարկեց ավելի լայն հարթության մեջ ու խոսեց ընդհանրապես բուհական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների մասին: Ասաց, որ առաջիկա 4 տարվա համար նպատակ է դրված արմատական բարեփոխումներ իրականացնել բարձրագույն կրթական համակարգում:
«Մինչեւ այս տարեվերջ կառավարությունը կհաստատի բարեփոխումների այդ ծրագիրը եւ 2011- ից մենք կսկսենք այդ ռեֆորմները: Բուհերն, անկախ այն բանից, պետական են, թե մասնավոր, պետք է գործեն հավասար մրցակցային դաշտում»:
Պետք է գա մի ժամանակ, երբ կրթական համակարգի որակը կասկած չհարուցի Հայաստանում: Ամեն ոք չպետք է կարողանա երկրում բուհ հիմնել ու դա երբեմն բիզնեսի ձեւ դարձնել: Դրա համար պետք է խստացվեն բուհերի լիցենզավորման չափանիշերը:
«Պետությունը պետք է պետպատվեր տեղաբաշխի միայն այն բուհերում, որոնք համապատասխանում են այդ չափանիշերին, եւ ոչ թե այն բուհերում, որոնք պետական են»:
Բարեփոխումների վերջնանպատակներից է, որ հայաստանյան բուհերի դիպլոմները ճանաչելի լինեն արտասահմանում: Այսօր միջազգայնորեն ճանաչվում է միայն Հայ- ամերիկյան համալսարանի դիպլոմը: Մյուս բուհերին դրա համար դեռ բավականին ջանք ու ժամանակ է պետք, նկատում է վարչապետը£
Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` «այսքան բուհ Հայաստանին պետք չէ: Խոշորացում պետք է տեղի ունենա: Պետք է միավորվեն նույնիսկ պետական բուհերը: Միջազգային փորձագետներն ասում են, որ այսքան բուհ ունենալուց արդյունավետությունը կորչում է»:
ՀԿ մեկ այլ ներկայացուցչի` Արթուրին էլ մտահոգում է ուսանողներին մատչելի եւ լավ պայմաններով հանրակացարաններով ապահովելու հարցը: Այս խնդրի լուծումը եւս վարչապետը տեսնում է բուհերի խոշորացման մեջ:
Երիտասարդների հաջորդ դիտարկումն օրենսդրական բացերի մասին դեղերին վերաբերող օրենքում է: Նրանք այստեղ երիկիմաստություններ են նկատել: Լուսինե Ղարագյոզյանը գտնում է, որ «երկիմաստությունն իր մեջ կարող է պարունակել որոշ կոռուպցիոն ռիսկեր:
Կեղծ ու հին դեղերի դեմ պայքարն իր արդյունավետությամբ չի փայլում, կարծում է վարչապետ Սարգսյանը: Նրա անդրադարձն այս հարցին կրկին ընդգրկուն է: Մեզ մոտ արտադրվող դեղերը պետք է ճանաչվեն մեր պետության կողմից, ներկրվողներն էլ` սերտիֆիկացվեն: Այս գործընթացի տարբեր փուլերում էլ հենց թաքնված են կոռուպցիոն ռիսկերը:
«Ինչքան մեխանիզմը բարդ է, այնքան կոռուպցիոն ռիսկերը շատանում են: Մեր խնդիրն է շահերի ճիշտ բախում ապահովել»,- ասաց կառավարության ղեկավարը£
Երիտասարդներից Ալիկն էլ խոսեց Սփյուռքի հետ համագործակցության խթանումից: Այլապես «Հայաստանը կզրկվի իր «ատոմային զենքից» կամ «Տրոյական ձիուց», որը կարող է մեր ձեռքին մեծ զենք լինել»:
Վարչապետը հայ ժողովրդին` լինի դա Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, դիտարկում է որպես մեկ ամբողջական օրգանիզմ, որի սիրտը Հայաստանն է: Մոտեցումը սա է. «Որքան առողջ լինի սիրտը, այնքան ամուր կլինի ողջ օրգանիզմը»:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|