Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները հրաժարվել են վերցնել ազատման մասին ծանուցագրերը
2019-04-15 18:28:29

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր առավոտյան «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները հրաժարվել են աշխատավայր հասնել:  Նրանք փակել են գործարան տանող ճանապարհը: Ուրբաթ երեկոյան տնօրինությունն  աշխատակիցներին հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են  վերցնել  ծանուցագրերը: Ի դեպ՝ պրիլի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել ու դրական  եզրակացություն էր տվել տեղական արտադրողներին պաշտպանող կառավարության առաջարկած օրինագծին, որն առնչվում էր նաեւ ցեմենտի արտադրության հարցերին:

Ի դեպ, այսօր խնդրին անդրադարձել է նաև վարչապետը՝ շեշտելով, որ սա գործատուի ու աշխատողների խնդիրն է։

Նախորդ շաբաթ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է Հայաստանում ցեմենտ արտադրողների շահերը պաշտպանող օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում էր ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։

Նշվում էր,  որ այս օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը։

Եվ ահա նույն օրը, երեկոյան գործարանի աշխատակիցները տեղեկանում են, որ երկու ամիս հետո գործարանը փակվելու է։ Այսօր առավոտյան նրանք հրաժարվեցին աշխատանքից ազատման ծանուցագրերը վերցնել:

«Պահանջը նույնն է, աշխատատեղերը պահպանվեն: Եթե չեն կարողանում աշխատեն, թող թողնեն գնան, կառավարությունը կաշխատացնի»:

Գործարանի աշխատակիցների հետ  հանդիպման եկած Արարատի քաղաքապետ Հայկ  Հայկյանը խնդիրը սոցիալական տեսանկյունից է ներկայացնում:

Նրա խոսքով, եթե գործարանը փակվի՝ քաղաքի դարպասներն էլ կփակվեն, քանի որ այս բնակավայրը ստեղծվել է հենց  գործարանի  հենքի վրա:   

«Քաղաքի բնկաչությունից շատերը ինձ զանգեցին, ասացին, որ ծանուցագրեր են ստանալու: Փաստորեն դա ճիշտ է, ես եկել են որպես քաղաքապետ կանգնեմ իմ ժողովրդի կողքին»:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակիցներին ազատելուց հետո նրանց մի մասի հետ  ավելի ուշ աշխատանքային պայմանագրեր կկնքի: Վաճառք չկա, ինքնարժեքը  բարձր է՝ ասում են տնօրինությունից։

Ընկերության տնօրեն Մանուկ Առաքելյանը հայտարարում է՝ իրենք են սեփականատիրոջը տեղեկացրել, որ այս ինքնարժեքով աշխատել չեն կարող:

Առաքելյանի պնդմամբ, ներմուծվող կլինկերի՝ ցեմենտի հումքի տուրքն էլ է բարձրացվում: Նա ընդգծում է՝ պետք է արգելել Իրանից ցեմենտ ներկրել։ Սա միակ պահանջը չէ։

«Որոշեցին ցեմենտի գինը սահմանի վրա ավելացնեն, կլինկերինն էլ թող ավելացնեն այդ մեկ տարին»,-ասում է «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ տնօրեն, կիզման արտադրամասի պետ Արմեն Մարգարյանը:

Ավելի ուշ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը հստակեցրեց իրենց պահանջները.

«Կլինկերն է, ցեմենտն էլ, երկուսն էլ լինի պետական տուրքի տակ, որ հնարավոր լինի մրցակցել»:

Աշխատակիցներն առաջարկում են չեղարկել ծանուցագրերը: Տնօրենների խորհուրդը քննարկելու է աշխատակիցների  առաջարկը, այն է չեղարկել ծանուցագրերը:

Գործարանում աղմուկն սկսվեց խորհրդարանում հենց վերը նշված նախագծի քննարկումից:  Այն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ապրիլի 12-ին:

Այդ քննարկման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ անցած տարի ցեմենտի շուկայում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծվող ցեմենտը հայկական շուկայում ավելացել է 3,5 անգամ։

Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ, առաջարկվող փոփոխությամբ կառավարությունը ոչ թե իրանական ցեմենտի ներկրումն արգելելու ուղիով է գնում այլ տուրք է սահմանում՝ տեղական արտադրողին աջակցելու եւ միաժամանակ շուկայում մրցակցային պայմաններ ապահովելու համար։

 

0:00
0:00