Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գերմանիայում հայերի դեմ ու հայերի կողմից սեռական ոտնձգություններն ավելացել են
2019-04-20 11:46:46

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Անցյալ տարեվերջին հայկական ու գերմանական մամուլը հեղեղվեց Գերմանիայում այսպես կոչված հայկական մաֆիայի գոյության մասին լուրերով:

«Շպիգելը» հղում էր անում սեփական աղբյուրներին՝ պնդելով, թե այդ երկրում գործող հանցավոր խմբերի հետ կապեր ունի նաեւ այնտեղի  մեր դեսպանը:

«Ռադիոլուրը» շարունակել է իր հետաքննությունը՝ պարզելու հայկական մաֆիայի գոյության սին կամ իրական լինելը ու Գերմանիայում հանցավորության մասին պաշտոնական վիճակագրության մեջ բացահայտել հայերին առնչվող այլ արտառոց փաստեր:

Գերմանիայի ոստիկանությունն ամփոփել է այդ երկրում հանցավորության անցյալ տարվա պատկերը: Դաշնային քրեական ծառայության լրատվական ծառայությունից Բրիթթա Շմիցը «Ռադիոլուրին» տրամադրել է տվյալներ, որոնցում առանձնացված է հանցագործություն կատարողների ու դրանց զոհերի վիճակագրությունը՝ ըստ ազգային պատկանելության:

Ըստ այդմ՝

հայերի կողմից կատարված հանցագործությունները 2018-ին 2017-ի համեմատ նվազել են՝ 4849-ից հասնելով 4095-ի՝ շուրջ 18 տոկոսով: Փոխարենը ավելացել են հայերի դեմ հանցագործ ոտնձգությունները՝ 418-ից հասնելով 475-ի:

Ընդ որում՝ դրանք ավելացել են հանցագործությունների գրեթե բոլոր տեսակների մասով:

Այս տվյալները «Ռադիոլուրին» հետաքրքրում են հատկապես այն համատեքստում, որ Գերմանիայում գործող ենթադրյալ հայկական մաֆիային այդ երկրի լրատվամիջոցները վերագրում են հետեւյալ հիմնական հանցագործությունները՝ փողերի լվացում, թմրանյութերի բիզնես ու կեղծ փողեր: Այժմ հանգամանորեն անդրադառնանք այս  հանցագործություններին առնչվող ցուցանիշերին: Հայերի կողմից 2018-ին փողերի, բանկային քարտերի կեղծման շուրջ 2 տասնյակ դեպքերը որոշակիորեն ավելացել են: Փողերի լվացման, անօրինական ձեռք բերված ակտիվները թաքցնելու 8 դեպք է գրանցվել՝ 2017-ի 9-ի դիմաց: Արձանագրվել է փաստաթղթերի կեղծման 135 դեպք՝ նվազելով 2017-ին գրանցված 154-ից:  Թմրանյութերի գործում հայերի մասնակցությամբ դեպքերը 125 են, գրեթե նույնքան, որքան 2017-ին են եղել:

Բայց արդյո՞ք այս դեպքերը ոստիկանությունը դիտարկել է որպես բանդայի կողմից կատարված: Տվյալների ուսումնասիրությունը փաստում է, որ ոչ: Բանդային բնորոշ 6 դեպք գրանցվել է բնակարաններից կողոպուտի, 3 դեպք՝ գողացված ապրանքի իրացման գործերով: Իսկ մյուս հանցագործությունները, որպես այդպիսին, չեն դիտարկվել բանդաների կողմից կատարված:

Գերմանահայ պատմագետ, Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը համոզված է՝ Գերմանիայում հայկական մաֆիայի գոյության մասին խոսելը չափազանցություն է: Հիմքում իր երկար տարիների շփումներն են, դիտարկումները:

«Փոքր ծավալի հանցագործություններ, զանցանքներ միշտ կան: Ես դատարաններում որպես թարգմանիչ աշխատելով՝ շփվում եմ այդ զանգվածի հետ շատ հաճախ: Սակայն եթե համեմատում եմ ռուսների կամ ռուսախոսների քրեական ակտիվության հետ, ապա հայկականը դրա կողքին շատ թույլ է ու ծավալներով շատ փոքր»:

Վիճակագրության մեջ «Ռադիոլուրն» ուշագրավ մի միտում է նկատել: Գերմանիայում 2018-ին 2017-ի համեմատ ավելացել են թե հայերի հանդեպ, թե հայերի կողմից սեռական ոտնձգությունները: Այլոց սեռական ինքնորոշման դեմ հայերի կողմից 34 հանցագործություն է արձանագրվել 2017-ի 25-ի դիմաց, բռնաբարության շուրջ 2 տասնյակ դեպք՝ 2017-ի շուրջ 1 տասնյակի դիմաց:



Եթե 2017-ին հայերի դեմ սեռական ոտնձգությունները տարբեր հոդվածներով հիմնականում զրոներ են գրանցել, ապա անցյալ տարի արդեն ցուցանիշերը փոխվել են՝ գրանցելով մինչեւ 10 եւ նույնիսկ ավելի դեպքեր. սեռական ինքնորոշման դեմ՝ 14 , բռնաբարություն՝ 9  դեպք: Օրդուխանյանը հակված է դա այսպես բացատրել:

«Վերջին շրջանում Գերմանիա տեղափոխված հայ ապաստանյալները բնակվում են փախստականների համար հատկացված բնակավայրերում, ու դրանցում հսկողությունը շատ ավելի թույլ է, քանի մի 20 տարի առաջ: Հավանաբար այդ խառնաշփոթ վիճակում շատ հայ կանայք, որոնք միայնակ են կամ մեկ երեխայի հետ, որպիսիք շատ կան այստեղ, ապրելով տարբեր ազգերի հետ հարեւանությամբ, հանդիպում են այդպիսի կոնֆլիկտների: Ես անձամբ 2-3 այդպիսի դեպք գիտեմ»:

Վիճակագրությունը փաստում է՝ անցյալ տարի հայերի կողմից հարկադիր ամուսնության 2 դեպք է գրանցվել, նախորդ տարի՝ ոչ մի: Զրուցակցիս դիտարկումը:

«Ես շատ զգուշությամբ գրանցողներին կհարցնեի՝ ինքը հայ է եղել, թե Հայաստանի եզդի: Եզդի հայրենակիցների մոտ էդպիսի բաներ կան էստեղ»:

Հայերի կողմից հանցագործությունների ամենամեծ թիվը գողությունների մասով է՝ 1500 գողության դեպք կրպակներից, առանձնատներից, ցուցափեղկերից, մոտավորապես նույնքան էլ՝ խանութներից: Մեքենաների գողության դեպքերը շատ քիչ են՝ 9: Ընդհանուր գողությունները նվազել են:  

Գերմանիայում հայկական մաֆիայի բացահայտման հետքերով

«Դե հայերի որոշակի շրջանակներ զբաղվում են դրանով: Այո, այդ երեւույթը, ցավոք սրտի ու մեզ համար զարմանալիորեն, կա»:

Շուրջ 3000 դեպքում գրանցվել է հայերի՝ այդ երկրում անթույլատրելի գտնվելու դեպք՝ 2017-ի 4000-ի դիմաց: Գրանցվել է սահմանահատման ու փախստականների իրավունքների ոտնահարման շուրջ 2000 դեպք, ինչը մոտ 50 տոկոսով պակասել է:

«Դա պարադոքս է առայժմ օտարերկրացիների մասին օրենքում: Շատերը չէին կարող օրինական գալ, եթե փախել են իրենց երկրից, բնական է, որ չէին կարող իրենց փաստաթղթերը դասավորել: Ու դա համարվում է անօրինական փաստ Գերմանիայում»:

Հայերը հանցավորությամբ չեն առանձնանում՝ պնդում է զրուցակիցս: Իսկ ենթադրյալ հայկական մաֆիաների հետ Գերմանիայում Հայաստանի դեսպանի առնչության թեման կարծես փակված է. Բեռլինի դատարանի որոշումը գերմանական մամուլի արծարծած թեման, ըստ երեւույթին, փակել է՝ հուսով ենք՝ վերջնականապես՝ ամփոփում է Օրդուխանյանը:

0:00
0:00