Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ովքեր են «Ավրորայի» այս տարվա հերոսները
2019-04-24 18:42:26

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

 

Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության հիմնադիրներն այսօր հայտարարել են 2019 թվականի Ավրորա մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի առանձնացրած երեք մարդասերների անունները:

Հանձնաժողովը նրանց ընտրել է  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից կանանց ազատագրելու, Եմենի գաղտնի բանտային ցանցը բացահայտելու եւ Նիգերիայում առեւանգված աղջիկներին ազատ արձակելու համար բանակցելու ազնիվ նվիրման համար:

«Մենք մեր գործը նվիրում ենք աշխարհին, որովհետև աշխարհն էլ մեզ օգնեց Հայոց ցեղասպանությունից հետո». այս տրամաբանությամբ արդեն երեք տարի «Ավրորա» մրցաբնակաբաշխությունը մեկ մլն դոլար է նվիրաբերում այն մարդասերներին, որոնք օգնում են աշխարհի տարբեր մասերում, մեղմ ասած, բարդ պայմաններում ապրող մարդկանց:

«Ավրորայի» եւս մեկ համահիմնադիր՝ Նուպար Աֆյանը, ցեղասպանությունից 104 տարի անց նոր առաջարկ է անում աշխարհի հայերին. գտնել իրականության ճանապարհը.

«Չես կարող հաջողություն ունենալ ու չդառնալ չօգնել մյուսներինՄեզ մահ տվեցին, մենք կյանք պիտի տանք, մեզ սովի էին մատնել, մենք պետք է սնունդ տանքԱյդպես իրականությունը կգտնի մեզ»:

Երեք տարվա ընթացքում «Ավրորա» մրցանակաբաշխության գումարներով աշխարհի 15 երկրում 23 ծրագիր է իրականացվում՝ հիմնականում առողջապահական ու կրթական: Հայոց ցեղասպանության զոհերի անունից տրվող այդ միջոցներով փրկվել է 850 հազար կյանք՝ փաստում են նախաձեռնողները:

Այս տարվա «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու  հայտ ներկայացրած 72 երկրից ընտրող հանձնաժողովը առանձնացրել է 3 մարդասերներին, որոնցից մեկը այս տարվա հոկտեմբերի 20-ին հաղթող կճանաչվի:

Միրզա Դինայի՝ «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն: Նրանք օգնում են Իրաքից Գերմանիա տեղափոխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոճրագործություններից տուժած եզդիներին եւ ցուցաբերում բժշկական օգնություն:

Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան: Նրա ստեղծած հիմնադրամը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին եւ պաշտպանում նրանց: Երեք տարի առաջ կարողացել է  գաղտնի հանդիպել «Բոկո hարամի» ապստամբների հետ Սամբիսայի անտառներում տեղակայված նրանց թաքստոցում եւ վերադարձել այնտեղից՝ իր հետ բերելով առեւանգված 21 երեխայի: Ավելի ուշ քայլեր է ձեռնարկել եւս 82 աղջիկների ազատ արձակման հարցում:

Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան եւ ակտիվիստ: Եմենցի այս կինը հետաքննել եւ բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանցը, որը ղեկավարում են դրսի իշխանությունները: Այնտեղ անազատության մեջ են պահում հազարավոր տղամարդկանց եւ տղաների: Նա  անհերքելի ապացույցներ է հավաքել ընդհատակում գործող կալանավայրերում տեղի ունեցող խոշտանգումների մասին եւ դրանք փոխանցել միջազգային կառույցներին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանի անունը վերջերս շրջանառվեց փողերի լվացման հետաքննության շրջանակներում, այս հարցում գործարարի արձագանքը հստակ էր.

«Իմ ծնողներն ինձ սովորացրել են անել գործարք և գործով ցույց տալ, թե ինչ ենք անում, ինչի համար ենք ապրում։ Ես միշտ ապրել եմ պարզ ու բաց, և ինչ-որ գումարներն աշխատել եմ, գնացել է բարեգործության վրա, դրա համար ես պարզ ու հստակ նայում եմ բոլորի աչքերին»,- ասաց Վարդանյանը:

Աշխարհի տարբեր երկրներում առաքելություն իրականացնող հարյուրավոր դիվանագետներ շարունակում են «Ավրորային» իրենց աջակցությունը, և Ռուբեն Վարդանյանը սա բոլոր չարախոսությունների դեմ լավագույն գնահատականն է համարում:

0:00
0:00