Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ամերիկա-չինական «առևտրային պատերազմում» կարող է շահել Հայաստանը
2019-05-16 19:23:30

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Միացյալ Նահանգների ու Չինաստանի «առևտրային պատերազմը» մտել է նոր շրջափուլ և խնդիրներ է խոստանում ողջ աշխարհին:  ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ բանակցությունները Վաշինգտոնում անցած ուրբաթ ավարտվել է առանց համաձայնության:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ՝ ամերիկյան կառավարությունը բարձրացրել է 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների մաքսատուրքերը10 տոկոսից մինչև 25 տոկոս։ Ընդ որում, Թրամփն իր խորհրդականների առաջ խնդիր է դրել քննարկել մաքսատուրքերի լրացուցիչ բարձրացման հարցը չինական 325 միլիարդ դոլար արժողությամբ ներմուծվող ապրանքների համար:

Դա մայիսի 10-ին էր, իսկ արդեն երկուշաբթի՝ մայիսի 13-ին, եղավ պատասխանը Պեկինից. Չինաստանի մաքսային սակագների պետխորհրդի կոմիտեն հայտարարեց, որ հունիսի 1-ից մաքսատուրքեր կգործեն Միացյալ Նահանգներից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ 60 միլիարդ դոլար ընդհանուր գումարով:

Չինաստանի պատասխանն իհարկե այդքան էլ մասշտաբային չէ, բայց Պեկինը հայտարարել է, որ երբեք չի ընկրկի օտարերկրյա ճնշման տակ: «Մենք վճռական ենք պաշտպանելու մեր օրինական իրավունքներն ու շահերը, սակայն դեռ հույս ունենք, որ Վաշինգտոնն ընդառաջ քայլ կանի»,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Այսպիսով, մաքսատուրքերի մասին կես տարի տևած բանակցությունները դադարեցվել են, երբ կվերսկսվեն՝ հայտնի չէ: Փորձագետները փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու, եթե Պեկինն ու Վաշինգտոնը չպայմանավորվեն։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ Գագիկ Գալստյանի հետ ենք զրուցել թեմայի շուրջ։ Նա կանխատեսումներ անել չի սիրում, նաև համամիտ չէ Վաշինգտոնի կողմից վարվող առևտրային պատերազմի վերաբերյալ ձևակերպումների հետ:

«Տնտեսական ոլորտի Նոստրադամուսը չեմ, ես կարող եմ ասել շարժառիթների մասին, թե ինչու է ԱՄՆ այդ քայլին գնում: Վաշինգտոնը այդ քայլին է գնում ոչ թե պատերազմ հրահրելու, այլ սեփական արտադրողների շահերը պաշտպանելու համար, որովհետև եթե վերացնենք գոյություն ունեցող վիճակը, Միացյալ Նահանգների արտադրանքը Չինաստանում շատ ավելի բարձր մաքսատուրքերով է հարկվում, քան չինականը ԱՄՆ-ում: Թրամփն էլ խնդիր է դնում, որ ամերիկյան ավտոմեքենաների վրա դրված խտրական հարկերը չինացիները նվազեցնեն: Եթե չեն նվազեցնում, վնասը, որը կրում է ամերիկյան տնտեսությունը, այդ չափով հարկերը դրվում են չինական արտադրանքի վրա: Դա պատերա՞զմ է»,- հարց է տալիս մեր զրուցակիցը:

Թրամփը ոչ մեկի հետ խնդիր չունի և իրեն պահում է սովորական բիզնեսմենի նման։ Եթե հնարավոր է ավելի արտոնյալ վիճակ, ձգտում է դրան: Թրամփն ունի այդ հնարավորությունները և փորձում է իրացնել: Նրան իր երկրի տնտեսական, ազգային շահը և  բնակչության բարեկեցությունն են մտահոգում՝ ասում է Գագիկ Գալստյանը՝ որևէ քաղաքական դրդապատճառներ չտեսնելով Վաշինգտոնի տնտեսական քաղաքականության ենթատեքստում:

Ո՞վ է տեղի տալու ստեղծված իրավիճակում՝ հարցրեցինք տնտեսագետին:

«Իհարկե, չինացիները, որովհետև նրանք Միացյալ Նահանգների հետ առևտրում միլիարդավոր դոլարների մնացորդ ունեն, դրական տարբերություն: Արդյո՞ք նրանք կգնան դա կորցնելու քայլին։ Իհարկե ոչ, իհարկե չինացիներն են նահանջելու: Միացյալ Նահանգների տնտեսությունը դրանից կշահի, չինական տնտեսության վրա դա լրացուցիչ ծախս է»:

Ինչ վնասներ է կկրի համաշխարհային տնտեսությունը Վաշինգտոնի և Պեկինի սրված առևտրային հարաբերությունների պատճառով:

Ֆրանսիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը օրերս նախազգուշացրել էր, որ նոր թափ ստացող ամերիկա-չինական առևտրային պատերազմը լուրջ սպառնալիք է համաշխարհային տնտեսության ու Եվրամիության աշխատաշուկայի համար:

«Դա նշանակում է, որ գները կաճեն, առևտրային պատերազմը կոչնչացնի աշխատատեղեր Եվրոպայում և Ֆրանսիայում: Անհրաժեշտ է համախմբվել՝ դիմակայելու այս սպառնալիքին», ասել է Բրյունո լը Մերը:

Գագիկ Գալստյանը պարզաբանում է Եվրոպայի անհանգստությունը. այդ ուղղությամբ շղթա կլինի: Չինական արտահանման ուղղվածությունը Միացյալ Նահանգներից կտեղաշարժվի դեպի Եվրոպա, եվրոպական շուկաների վրա չինական ճնշումը կավելանա, և պարզ է՝ ինչ հետևանքներ կլինեն:

Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների նկատմամբ, իհարկե, անտարբեր չէ նաև Մոսկվան, ամերիկա-չինական առևտրային խնդիրները վնաս են հասցնում ռուսական տնտեսությանը և փորձագետները չեն բացառում, որ Պեկին-Վաշինգտոն պատերազմի «զոհը» Մոսկվան է լինելու: Գագիկ Գալստյանը բացատրում է. ռուսական տնտեսությունը էական վնասներ կկրի, որովհետև եթե չինական արտադրանքի ծավալները կրճատվեն, նրանց հումք մատակարարող երկիրը Ռուսաստանն է, ռուսական հումքի նկատմամբ պահանջարկը կկրճատվի:

Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության սերտ կապերը ռուսականի հետ, ինչ է մեզ սպասվում,- հարցրեցինք տնտեսագետին:

«Հայաստանի դրանից կշահի, որովհետև ռուսական հումքը կէժանանա, բայց քանի որ ռուսական հումքի գները ոչ թե շուկայական մեխանիզմով են որոշվում, այլ կրեմլյան աշխատասենյակներում, Հայաստանը դրանից պիտի շահի»։

0:00
0:00