Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեկ շենքի կրիմինալ անցլայն ու մշուշոտ ապագան
2019-05-18 15:36:47

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

1820-ական թվականներին  ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդով անցել է Հայաստանով: Այն տարածքը, որտեղ նա եղել է եւ անգամ 1 օր գիշերել, ասում են՝ անցնում է հենց Երեւանի կենտրոնով: Ըստ որոշ տեղեկությունների, դա տեղի է ունեցել ներկայիս Պարոնյան փողոցում: 1980-ականներին ծրագրեր կային՝ այն տարածքում, որտեղ գիշերել է Գրիբոյեդովը կառուցել տուն-թանգարան: Շինությունն իրականում ունեցավ շատ անսպասելի ճակատագիր:

Պարոնյան փողոցի մի հատվածը սկսեցին քանդել 1980-ական թվականներին: Փոքր սեփական տներ էին՝ փայտից փորագրած պատշգամբներով: Տարածքի հարեւանությամբ ապրող քաղաքացիները՝ տիկին Ռոզան եւ տիկին Անժելան, հիշում են այդ օրերը:  

«Ես եկել եմ հարս այստեղ 60 թվականից, գիտեմ, որ այստեղ կային փոքրիկ տներ, հողատներ, բայց մարդիկ այստեղ այնքան լավ էին, այնքան սիրով էին, այնքան համերաշխ էին իրար հետ։ Մի տուն կար այնտեղ …  Չեմ հիշում, որ կինոնկարի համար մի դրվագ էին նկարահանում այնտեղ: Երեկոյան գալիս էին միշտ, կառք էր ձիերով, եւ տանից դուրս էր գալիս մի աղջիկ ... այդքան բանն էին նկարահանում: Դա 70-ական թվականներին էր երեւի»:

Շինհրապարակում իրար հետեւից կառուցվեց 3 տարբեր շենք, համալիրի տեսքով՝ բոլորը նույն ոճի մեջ: Ով այցելել է Փարաջանովի թանգարանը՝ կպատկերացնի՝ սեւ քարից, փայտե փորագրված պատշգամբներով: Շինարարության ընթացքում աստիճանաբար շենքի ճակատագիրն էլ փոխվեց Գրիբոյեդովից դարձավ Փարաջանով: Փարաջանովի թանգարանն ու նոր շինությունները տրամաբանական կապ պետք է ունենային: Համենայնդեպս, այդպես նախատեսված էր, եւ հարակից տարածքի բնակիչները անհամբեր սպասում էին շինարարության ավարտին:

«Կառուցեցին, որպես հին Երեւան»:

«Այդտեղ մեծ այգի տարածք կար, որտեղ ուզում էին Փարաջանովի համար այգի կառուցեին: Այգի չէ՝ կիսանդրին պետք է դնեին»:

«Նախատեսված էր կառուցել այստեղ արհեստների կենտրոն, որպեսզի լինեին հին արհեստները՝ լավաշ թխելը, գորգագործությունը … ըհը … նույնիսկ մեծ կարասներ էին դրել, որ լիներ հին Երեւան: Այդ հին Երեւանը վերացավ, դարձրեցին ռեստորան՝ «Ձորագյուղ» ռեստորան, առաջին էլիտար ռեստորանը, որը քաղաքում միակն էր»:

«Օպերայի երգչուհի Գոհար Գասպարյանը եւ մի երգիչ էլ կար… անունը մոռացել եմ, իրենք էին ամեն ինչի տեր ու տիրակալը: … Շատ էլիտար ռեստորան էր, նախապես արտասահմանից հերթագրվում գալիս էին: … Քաղաքում այդպիսի ռեստորան ոչ մի տեղ չէր եղել»։

1990-ականների սկիզբն էր: Ինչպես ընդունված է անվանել «մութ ու ցուրտ» տարիները: Հովհարային անջատումներով Երեւանում ասում են՝ «Ձորագյուղը» աղմկոտ էր: Բայց մի կարեւոր առաքելություն ունեցավ՝ հոսանքից եւ զբաղմունքներից զրկված հարեւաններին մշտապես լուսավոր «Ձորագյուղը» իր բարձր երաժշտությամբ ինչ որ չափով թեթեւացնում էր մոմի լույսի տակ նստող հարեւանների հոգսը՝ հոգեպես ապահովելով զբաղմունքը մթության մեջ: Հետո սկսվեց շենքի քրեական դարաշրջանը՝ «վայրի» 90-ականների վերջն էր:

Պարոնյան փողոցի բնակիչները կրակոցների ձայներ լսել էին 2008 թվականից շատ ավելի վաղ: «Ձորագյուղ» ռեստորանի գինովցած հաճախորդները զենքի կիրառմամբ խնդիրներ էին լուծում հենց փողոցում: Մայթից մայթ հետապնդում, մեքենաների հետեւում թաքնվել եւ իրար վրա կրակել. այս ամենին Պարոնյան փողոցի բնակիչները հետեւել են ոչ թե հեռուստացույցով, այլ բնակարաններից: Ասում են՝ արդեն գիտեին՝ պետք չէր մոտենալ պատուհանին, վտանգավոր էր: Այդ տարիներին հարակից շենքերի բնակիչները երեկոյան վախենում էին դուրս գալ փողոց: «Ռեստորանային» պատերազմներից պարկուճների հետքերն առ այսօր պահպանվել են դիմացի շենքի պատերի վրա:   

«Սլավիկենց տունը մտավ էդ պատրոնը, բայց ոչ իրանց պատճառով էր, «մաֆիոզ Գագո»- ի պատճառով էր, կրակում էին պատրոնները մտան այդ տունը: Այստեղ կառուցեցին գիշերային ակումբ, որը պատկանում էր՝ կար ժամանակին «մաֆիոզ Գագո» իրա աղջկանն էր, ու ամբողջ գիշեր կռիվ-ղալմաղալ էր … կրակոցներ … պատմություններ, անբարո վարք  եւ սաղ պարսիկներ: Գալիս էին թուրքերը, պարսիկները, ադրբեջանցիները պարսիկների անվան տակ: Ես չեմ կարա լեզու ջոկեմ, բայց  սպորտսմեններ կային, եւ այնտեղ ներկայացրել էին Պարոնյան փողոցի վրա «Կրիստինա պլազա», որտեղ ասել էին՝ մենք գալիս ենք ձեր աղջիկների հետ ժամանակ անցկացնելու: Կողքից դա լսել եմ»:


«Կրիստինա պլազա»-ն հետագայում վերածվեց «Մասկարադ» կարաոկե-ակումբի, որը նույնպես լավագույն ճակատագիրը չէր հնաոճ, այսպես ասենք՝ «հայկական տարազով» շենքի համար:

«Մասկարադը» փակ ակո՞ւմբ էր»,- հարցնում եմ։
«Այո: Մի հայ իրավունք չունի մտնել այնտեղ։ Մի քիչ հանգստացել ա հիմա իրավիճակը, մի քիչ նորմալացել է, որովհետեւ «Մասկարադը» փակվել է»:

Կյանք չստացած թանգարանի ու այդպես էլ արվեստների կենտրոն չդարձած համալիրի իրականությունը անկախ Հայաստանի մեկնարկին էլիտար ռեստորանն էր,  որը հետո հրաշքով վերածվեց ադամանդի եւ ոսկու վերամշակման արտադրամասի:  Դիսկո ակումբ, «Մասկարադ» փակ ակումբ. սա նույնպես նույն շենքի կյանքի ճանապարհն էր:


Տարիների ընթացքում հնաոճ համալիրը կորցրեց իր 3 մասնաշենքերից երկուսը: Այսօրվա էլիտար շինությունների արանքում դեռ կանգուն է շենքի մի փոքրիկ հատվածը: Բայց անգամ նորակառույցները հետնամասում դեռ պահպանել են փայտից փորագրված հին պատշգամբները:

0:00
0:00