ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իսրայելում հայկական «կեղծ» դիպլոմների «մութ» պատմությունը
2018-12-03 18:17:13

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանյան բժշկական դիպլոմներ ստացած 40 իսրայելցի բժիշկների ձերբակալման թեման նոր զարգացումներ է ստանում:

Բժիշկ չլինելով բժիշկ ներկայանալն ու այդ մասնագիտությամբ աշխատելն Իսրայելում ծանր հանցագործությունների թվին է դասվում, ու այս մարդկանց սպառնում է 1-5 տարի ազատազրկում՝ կախված նրանից, թե նրանց ոչ մասնագիտական աշխատանքը որքանով կարող էր սպառնալ մարդկանց կյանքին:

Թեմայի շուրջ մեր թղթակից Լիանա Եղիազարյանին մանրամասներ են հայտնի դարձել ոչ միայն հայաստանյան, այլեւ իսրայելական աղբյուրներից։

0:00
0:00

15 հազար եվրո. եւ իսրայելցի արաբ ուսանողների ձեռքին միջնորդների միջոցով հայտնվել են Հայաստանում բժշկական կրթություն տրամադրող 3 բուհի դիպլոմներ. իրեն հայտնի դարձած տեղեկություններն է «Ռադիոլուրին» փոխանցում իսրայելաբնակ լրագրող Ցվի Զիլբերը՝ անդրադառնալով 2 օր առաջ հայկական դիպլոմներով 40 իսայելցի բժշկի ձերբակալման աղմկահարույց պատմությանը:

Զրուցակիցս կիսվում է նաեւ իր ունեցած տեղեկությամբ, թե ինչպես է գործել դիպլոմի գնման ոչ օրինական սխեման:

«Սխեման այսպիսին է՝ դրա հետևում 2 արաբներ են, որոնք կապեր են հաստատել Հայաստանի ու Մոլդովայի համալսարանների հետ: Հայաստանի դեպքում նրանք, ըստ տեղեկությունների, գործ են ունեցել 3 բուհի հետ: Տարածել են գովազդ: Դա ուղղված է եղել այն արաբ ուսանողներին, ովքեր արդեն չեն հաջողել իրենց ուսումն ավարտին հասցնել արաբական կամ եվրոպական համալսարաններում, չեն կարողացել ավարտել իրենց կրթությունը՝ ուսման վարձը չվճարելու կամ ցածր առաջադիմության պատճառով։ Հենց այդ ժամանակ էլ հայտնվել է «միջնորդը», որն էլ առաջարկել է ուսումն «ավարտել» Հայաստանում՝ փոքր միջոցներով ու կարճ ժամանակում: Ոմանք հնարավորություն են ունեցել 1-2 կուրս առաջ անցնելով ավարտել: Սովորե՞լ են, թե՞ պարզապես վճարել դիպլոմի համար՝ դեռ պարզ չէ»:

Կոռուպցիոն սխեմա գործե՞լ է, թե՞ ոչ, եթե այո՝ ի՞նչ մեխանիզմով, ու, ի վերջո, որքանո՞վ են հիմնավոր հայաստանյան կրթական համակարգին ու, մասնավորապես, 3 բուհերին՝ «Մխիթար Գոշ», «Հայբուսակ» եւ «Մայր Թերեզա», վերագրվող մեղադրանքները, գլխավոր դատախազությունից առայժմ չեն մեկնաբանում: Առողջապահության նախարարությունից փոխանցում են՝ չնայած խոսքը բժշկական կրթության մասին է, սակայն բուհական կրթության գործընթացն իրենց լիազորությունից դուրս է:

Կրթության եւ գիտության նախարարությունից չեն հերքում եւ չեն հաստատում լուրը: Հայտնում են՝ դիմել են արտաքին գործերի նախարարության միջնորդությանը՝ իսրայելական պատկան մարմիններից ստանալու պաշտոնական մեկնաբանություն ու տեղեկություններ ձերբակալված 40 անձի վերաբերյալ:

«Պաշտոնապես այս պահի դրությամբ պատասխան չենք ստացել, իսրայելական կողմի արձագանքը չունենք»,- ասում է ԿԳՆ արտաքին կապերի եւ Սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

Մինչ հայաստանյան եւ իսրայելական պաշտոնական եւ իրավապահ մարմինները հանդես կգան հստակ հայտարարություններով, միջազգային մամուլով մեղադրվող հայաստանյան երեք բուհերը շտապում են հերքել իրենց ուղղվող մեղադրանքներն ու կոռուպցիոն հարցերը:



«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանին աղմկահարույց թեմայի մանրամասներից որեւէ բան հայտնի չէ: Ասում է՝ տեղյակ է այնքանով, որքանով կարդացել է մամուլում: Նշված տարիներին ինքը ռեկտոր չի եղել, մեկնաբանել չի կարող:

« Իրավապահ մարմինների հետ այս հարցերով բացարձակ չենք առնչվել: Ումի՞ց հետաքրքրվեի այս երկու օրվա ընթացքում: Ոչ մեկից չեմ հետաքրքրվել: Բացարձակ ոչ մի բան ասել չեմ կարող»:

«Ռադիոլուրը» կապ հաստատեց նաեւ «Հայբուսակի» նախկին ռեկտոր Անահիտ Հարությունյանի հետ, ում աշխատանքային տարիներին եւ վերագրվում են կեղծ դիպլոմներ տալու աղմկահարույց պատմությունները: Վերջինս հրապարակավ հերքեց մեղադրանքները, ապա շեշտեց՝

«Էդ նյութը մեզ հետ որեւէ առնչություն չունի: Եթե դուք վերջին նյութերին ծանոթ եք, բոլոր հետքերը տանում են Մոլդովա եւ Իսրայելի Գազայի հատված: Բոլոր հետքերը տանում են այնտեղ: Բայց մեզ հետ՝ «Հայբուսակի» հետ, որեւէ կապ չունի: Հայաստանի հետ կապ ունի, գործող անձ կա կոնկրետ: Բայց եթե ինչ-որ մեկի դիպլոմը գտել նկարել են, դա դեռ չի նշանակում, որ մեզ հետ կապ ունի»,-ասում է Անահիտ Հարությունյանը:

 

«Մխիթար Գոշ» համալսարանի ռեկտոր Հայկ Դերձյանը մեր զանգից նախ տարակուսեց՝ ինչո՞ւ է ողջ Հայաստանում թեման այսպիսի իրարանցում առաջացրել: Ապա պաշտոնապես հայտարարեց՝

« Մենք կեղծ դիպլոմ ոչ մի անգամ չենք տվել ու չենք պատրաստվում տալ: Ով տվել է, նա կարող է պատասխանատվություն կրել: Մենք գիտելիքահեն ընկերություն ենք: Արտասահմանցին եկել, սովորել, դիպլոմը ստացել, գնացել է: Բոլոր արտասահմանցիների տվյալները տրամադրվել են ԿԳՆ-ին, ստուգումներ են արվել: Իսկ թե ում ձեռքին են կեղծ դիպլոմներ, ով է հաղորդում տվել, ոչինչ ասել չեմ կարող»:

Կեղծ դիպլոմներ տալու մութ պատմության հետ ցանկացած կապ կամ առնչություն հերքեց նաեւ վերջին՝ երրորդ ուսումնական հաստատության ղեկավարը, որի անունը եւս շրջանառվում է աղմկահարույց թեմայի մեջ:

« Մեր անվան հետ ընդհանրապես կապ չունի: Մեզ մոտ եղել է մեկ դեպք, երբ ռուսաստանյան բուհի ուսանողը ստոմատոլոգիայի ֆակուլտետի վերջին կուրսը կրկնել է մեզ մոտ, ստացել սովորական դիպլոմ: Դա մեզ հետ կապ չունեցող բում է: Իսրայելից մեզ մոտ ինչու պետք է գան, եթե մեր այդ ֆակուլտետը հավատարմագրված չէ»,- ասում է «Մայր Թերեզա» համալսարանի ղեկավար Լարիսա Համբարձումյանը:

Իսրայելաբնակ լրագրող Ցվի Զիլբերը «Ռադիոլուրին» այլ մանրամասներ էլ է փոխանցում՝ նկատելով՝ կոռուպցիոն շղթայից զատ սա լրջորեն հարվածում է նաեւ հայաստանյան բուհական համակարգի վարկանիշին առհասարակ:

Չնայած խոսքն ընդամենը 3 բուհի մասին է, սակայն  Իսրայելի առողջապահության նախարարությունն արդեն զգուշացում է տարածել իսրայելցի ուսանողների համար՝ առհասարակ չսովորել հայաստանյան բուհերում:

«Խոսքը բոլոր բուհերի մասին է, այդ թվում եւ պետական բժշկական համալսարանի, չնայած դրա անունը որեւէ կերպ չի կապվում այս պատմության հետ: Բայց այդ երկրի իշխանությունը տեղեկացրել է՝ Հայաստանի բուհերի դիպլոմները հատուկ ստուգում են անցնելու, ու դա դեռ հիմք չէ, որ կճանաչվեն»,- ասում է Ցվի Զիլբերը:

Իսրայելում բժիշկ դառնալը կրթական ու քննական լրջագույն գործընթացներ է ենթադրում: Եթե այս մարդկանց հաջողվել է շրջանցել դրանք, ուրեմն այսբերգի տակ տարբեր շերտեր կան՝ ենթադրում է Ցվի Զիլբերը:

Կեղծ դիպլոմ, կամ ինչպես Իսրայելում են բնորոշում, «սպանության վկայական» ունեցող ձերբակալվածներին դեռ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, ընթանում է հետաքննություն: