ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի չբացված «փակագծերը»
2018-12-05 21:09:47

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ըստ կանխատեսումների, պետք է հստակեցվեր վաղը՝ դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, սակայն օրերս քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ սակայն տեղի է ունենալու միայն Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, քանի որ ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկվել է դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել՝ մինչեւ աշխատանքային կարգով այդ հարցը չքննարկվի:

Սակայն Կրեմլից երեկ այլ ուղերձ եկավ Նիկոլ Փաշինյանի խոսքին ի պատասխան: Ռադիոլուրը փորձել է բացել փակագծերը՝ զրուցելով փորձագետների հետ:

0:00
0:00

Այսօր Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում արձագանքել է Կրեմլից եկած ուղերձին՝ ասելով, որ Հայաստանը ոչ մեկին խնդրանքով չի դիմել, առաջարկություն չի արել եւ Ռուսաստանի նախագահի օգնականի հայտարարությունը գնահատել՝ տարօրինակ:

Երեկ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի քննարկումը հետաձգվում է ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքով, եւ գլխավոր քարտուղարի լիազորությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը: Փաշինյանը վաղը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, իսկ թե կանդրադառնան Ուշակովի հայտարարությանը ասել:

«Հանդիպումների ժամանակ բոլոր հնարավոր հարցերը քննարկվում են, բայց չեմ կարծում, թե ՌԴ նախագահի հետ պետք է քննարկել իր օգնականի հայտարարությունը, քանի որ շատ կարեւոր հարցեր կան: Մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում եւ մենք հետեւողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»:

Եթե ոչ Պուտինից, ապա Լուկաշենկոյից վարչապետի պաշտոնակատարը Սանկտ Պետերբուրգում պարզաբանում պահանջելու է:  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ հեռակա բանավեճ տեղի ունեցավ նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ՝ ի դեմս Բելառուսի արտգործնախարարության: Փաշինյանը կոշտ էր արձագանքել Լուկաշենկոյի կողմից Ադրբեջանի դեսպանին ՀԱՊԿ- ում կայացած քննարկումները ներկայացանելու փաստին, իսկ Մինսկից էլ, խտացնելով գույները, պատասխանել էին, որ այսպես կոչված «փողոցային ժողովրդավարությունը» անթույլատրելի է մեծ քաղաքականության մեջ։

«Իհարկե, բա պետք է խոսենք մեր հարցերի մասին, բա հո չենք հետաձգի»։

 Նիկոլ Փաշինյանն այսօր «Ռոսիա 24-ին» տված հարցազրույցում մեկ անգամ եւս կարեւորել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նշանակությունը.

«Մեր հիմնական նպատակն է ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունն ավելի արդյունավետ դարձնելը: Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ. գիտեք՝ մեր տարածաշրջանում իրավիճակը, ցավոք, այդքան էլ հանգիստ չէ, իսկ ՀԱՊԿ-ն անվտանգության համակարգ է: Դրա անդամ պետությունները «դե յուրե» մեր ռազմավարական դաշնակիցներն են, ու մեզ համար չափազանց կարևոր է հստակեցնել փոխադարձ պարտավորությունները։ Այն պարտավորությունները, որոնք ՀԱՊԿ անդամ պետությունները ստանձնել են միմյանց առաջ: Մեզ համար չափազանց կարևոր է հստակեցնել այն պարտավորությունները, որոնք Հայաստանն ստանձնել է կազմակերպության առաջ և հակառակը»։

Քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը կարեւոր է համարում Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի արդյունավետության եւ պարտավորությունների կատարման մեխանիզմների հարցի բարձրացումը, կազմակերպության ներսում գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ծավալվող զարգացումները համարում է  կազմակերպության ներսում տեղի ունեցող է հակասությունների տեսանելի կողմը:

«Կոնկրետ խնդիր է, եւ շատ հստակ երեւում է, որ ՌԴ ունի իր շահերը: Եվ այն հակադրությունը, որ ստեղծվեց ՀՀ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ, պարզ երեւում է, որ դա Ռուսաստանն է սադրում՝ անընդհատ առիթ գտնելով հարցը հետաձգել, որպեսզի իր ներկայացուցիչը շարունակի պաշտոնավարել»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ տարակարծություններն սկսվեցին, երբ Հայաստանը հետ կանչեց այդ պաշտոնում իր ներկայացուցչին։2017 թվականից գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը Մարտի 1»-ի գործով մեղադրվում է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ։

 Վարչապետի պաշտոնակատարի արձակուրդն այսօր ավարտվում է, եւ Նիկոլ Փաշինյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Ըստ Փաշինյանի, նիստը կընթանա նախատեսված օրակարգով, ոչ ֆորմալ շփում է նախատեսված նաեւ ԱՊՀ շրջանակներում։