Կստորագրվի՞ ՀՀ- ԵՄ նախաստորագրված համաձայնագիրը


Ինչ կարող են ակնկալել Հայաստանի քաղաքացիները Հայաստան-ԵՄ հարաբերություններից ու որքանով է Երևանը պատրաստ ընդունել մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացում,  եթե նման հնարավորություն  տրվի:


2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո շատ փորձագետներ կասկած են հայտնում, որ նոյեմբերի 24- ին կստորագրվի ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը։  Ասվածի հիմնավորումն այն է, որ, օրինակ, Հայաստանի համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացման պատրաստակամության մասին ավելի շատ խոսում են եվրոպացի դիվանագետները, քան՝ ՀՀ համապատասխան պաշտոնյաները:

Ի՞նչն է պատճառը: ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ Վրաստանի համար արդեն սահմանված է առանց մուտքի վիզային ռեժիմ։ Այդ երկրի քաղաքացիները ազատ կերպով ԵՄ երկրներ մուտք գործելու հնարավորություն ունեն, ինչը Հայաստանի համար մոտ հեռանկարում դիտարկելը  վաղաժամ է։  Այստեղ պատճառը ԵՄ դիրքոշրոշումը չէ, ՀՀ պատկամ մարմիններն են  զգուշավոր այդ հարցում՝ ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը. «Եթե չեն բացահայտում համաձայնագրի կետերը՝ դա նշանակում է զգուշավորություն կա: ԵՄ-ն եթե անգամ ավելի շահագրգիռ է, ապա այդ առաջարկը չի արվի»:

Հայաստանում ԵՄ պատվիարակության ղեկավար դեսպան Պյոտոր Սվիտալսկին հիշեցնեմ՝ բազմիցս է հասկացրել, որ հակված է տեսնելու ՀՀ քաղաքացիների համար ազատ  վիզային ռեժիմ:

Մյուս կողմից, սակայն, ԵՄ-ում հասկանում են, որ ՀՀ քաղաքացիներին պետք է շահագրգռել ընթանալ Եվրաինտեգրման ուղղությամբ ու այդ խթանիչ քայլերից մեկը կարող է լինել հենց ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացումը: Եթե այդ կարգի որևէ տեղաշարժ չլինի՝ հայաստանցիների համար եվրոպական ուղղությունն անհետաքրքիր կդառնա, ինչը ձեռնտու չէ ԵՄ- ին՝ կարծում է Ստյոպա Սաֆարյանը:

Իսկ ո՞րն է պաշտոնական Երևանի զգուշավորության պատճառը. «Հայկական կողմը չափազանց զգուշանում է ռուսական գործոնից եւ խոսափում է հայտնվել այն զամբյուղի մեջ, որտեղ Ռուսաստանի զայրույթը շարժած երեք երկրներն են՝ Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը»:

Ըստ քաղաքագետի՝ ստացվում է, որ ԵՄ-ն ՀՀ-ին վերադարձնում է, այսպես ասած, գերազանցիկների խումբ, իսկ Երևանը չի ուզում, որ Մոսկվային զայրացնի Երևանի առջև վառված այդ կանաչ լույսով:

Ամեն դեպքում՝ հարց է նաև, թե ինչու է քողարկվում արդեն նախաստորագրված շրջանակային փաստաթղթի հրապարակումը, հարցնում է քաղաքագետը: Եթե լիներ 100% վստահություն, ապա ոչինչ չէր խանգարի հրապարակել այն՝ ասում է:

Հնչող մտավախություններին ի պատասխան՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը շտապում է արձանագրել ընդամենը, որ փաստաթուղթն արդեն նախաստորագրված է, իսկ արդյունքը տեսանելի կլինի թերևս նոյեմբերի 24-ից հետո:

«Նախաստորագրված է և կապրենք կտեսնենք մյուս տարի»:

Ժամանակին, երբ ՀՀ-ի առջև կամ-կամի հարց դրվեց, Երևանը փաստի առաջ կանգնեց և այսօր ՀՀ ԱԳ նախարարԷդվարդ Նալբանդյանը հիշեցնում է, որ ի սկզբանե Երևանը դեմ էր մի ինտեգրացիոն գործընթացը մյուսով սահմանափակելուն:

Այսօր բազմաթիվ հարցականներ կան և արդեն նախաստորագրված փաստաթղթի ընդունման  արդյունքերի մասին խոսելը ստացվում է դեռ վաղ է:

Մեկնաբանություններ