Փակ դռան հետեւից՝ բաց փակագծերով այսօր «Ռադիոլուրի» հետ զրուցել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը:
Դավիթը մեկն է հացադուլ հայտարարած 5 երիտասարդներից, ովքեր իրենց պահանջը հանրությանն առավել լսելի դարձնելու համար դիմել են հացադուլի:
«Ռադիոլուր»-ը այսօր հաջողել զրուցել Դավիթի հետ՝ չնայած տարածքը լքելու մասին անվտանգության աշխատակիցների խիստ հորդորներին եւ ձայնագրելու ու տեսագրելու սահմանափակումներին:
Հացադուլն անժամկետ է, դասադուլը՝ առավել եւս. «Ռադիոլուր»-ին ասում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Մոնթե Մաթեւոսյանը: Հացադուլավորները 5-ն են՝ Դավիթը, Լեւոնը, Գեղամը, Յուրին, Հարութը:
Պահանջը՝ մեկը՝ հետ կանչել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ իրենց ձեւակերպմամբ խիստ ռիսկային եւ գիտությանը վնասող նախագիծը, հետաձգել դրա քննարկումը և դրա ընդունումը համահունչ դարձնել «Բարձրագույն կրթության մասին» օրենքին:
Դասադուլը խաթարել է Երեւանի պետհամալսարանի ընդհանուր դասապրոցեսը: Հացադուլ հայտարարած երիտասարդները ինքնակամ փակվել են լսարաններից մեկում եւ ուղիղ կապի միջոցով մանրամասնում են իրենց վիճակն ու ձեւակերպում կամ վերաձեւակերպում պահանջները: Համալսարանի միջանցքում անվտանգության աշխատակիցները պնդում ու պահանջում են լսարանի փակ դռներին անգամ չփորձել մոտենալ, նկարահանումներ անել, պահանջում են դուրս գալ միջանցքից:
«Ձեր ապարատուրան մի կողմ քաշեք: Խնդրում եմ՝ դուրս եկեք»:
Անվտանգության աշխատակիցների հետ բանակցությունը տալիս է արդյունք: Արդյունքը ընդամենը 1-2 րոպե դռան հետեւից ներսում փակված տղաների հետ զրույցն է, ուղիղ եթերում նրանց հետ կապի հաստատումը: Դավիթ Պետրոսյանը՝ ակցիայի կազմակերպիչ, դասադուլավոր, հացադուլավոր, համաձայնում է «Ռադիոլուր»-ի եթերում ձեւակերպել իրենց պահանջը ու վերաձեւակերպել տարակարծությունները:
Մինչ ուղիղ եթերն առկա 10 րոպեի ընթացքում ավելի քան 10 անգամ հորդորում են լքել տարածքը: Եթերը, այդուհանդերձ, կայանում է: Առաջին հարցը, որ ուղղում եմ Դավիթին դռան հետեւից՝ ինչպե՞ս եք:
«Տրամադրությունը, ամեն ինչ շատ կարգին է: Ես խնդրում եմ չկենտրոնանալ մեզ վրա»:
Դռան հետեւում հացադուլ հայտարարած 5 տղաներից 4-ը ծառայել են Հայոց բանակում: Առաջարկում են կենտրոնանալ ոչ թե իրենց, այլ իրենց պահանջի վրա:
«Ինչու դիմեցիք ծայրահեղ միջոցի՝ հետաքրքրվում եմ: Սա ծայրահեղ միջոց չէ, կան այլ ծայրահեղ միջոցներ էլ: Սա ուղղակի խաղաղ ճանապարհով խնդիրը բարձրաձայնելու առավել խաղաղ միջոց է»:
Երիտասարդների պահանջներն ու ձեւակերպումները երբեմն տարակարծությունների առիթ են դառնում: Դավիթը նախ շեշտում է՝ դրանք իրենք արդեն ներկայացրել են կետ առ կետ: Ապա իր հերթին է հարց բարձրացնում՝
«Ստացվում է, որ մեր փաստարկները, մտահոգությունները ճիշտ են, բայց մենք դրանք չե՞նք կարողանում տեղ հասցնել»:
Եւ ուղիղ եթերը լցվում է աղմուկով: Միջանցքում նորից լրագրողներ են, տեսախցիկներ, ու անվտանգության աշխատակիցներն արդեն առարկություն թույլ չտվող տոնով պահանջում են լքել տարածքը: Բայց կադրեր, այդուհանդերձ, ստացվում են: Դրանցից մի քանիսն արվում են նաեւ տղաների ընտրած լսարանից դեպի միջանցք նայող նեղ ու փոքր պատուհաններից: «Ռադիոլուր»-ը եւս ֆիքսում է, թե ներսում ինչ է կատարվում:
Այս ընթացքում տղաների այսպես ասեմ «դուռը» թակում են նաեւ ընկերներ, դասախոսներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ հորդորելու դադարեցնել հացադուլը: Հացադուլ հայտարարած ուսանողների հետ բանակցությունների համար անվտանգության աշխատակիցները բացում են տարածքը: Բանակցողներից մեկն էլ Արարատ Միրզոյանն է՝ «Ելք»-ից: Դուռը չեն բացում, խոսում են հեռախոսով, հրաժարվում դադարեցնել հացադուլը:
«Կարծում եմ՝ այդ մարդիկ շատ առողջ են պետք մեր հասարակությանը եւ այս, եւ հետագա այլ պայքարների համար: Ցավոք՝ իրենք շատ հաստատակամ են իրենց ընտրության մեջ: Կարծում եմ՝ սա ծայրահեղ քայլ է, որին չարժե դիմել»:
Իսկ համալսարանի բակում եւ ուսումնական այլ հաստատությունների, պետական տարբեր կառույցների մոտ ուսանողների երթերն ու ակցիան շարունակվում են: «Տարկետում լինելու է»՝ վանկարկում են: