Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բրիտանացի փրկարարները Մունդիալին հետևում էին Սպիտակում
2018-12-08 13:43:10

Սպիտակի միակ հրապարակից դեպի նորվեգական թաղամաս ոտքով հասնել չի լինի. նախ մոտ չէ, երկրորդ՝ ցուրտ է։ Բրիտանացի փրկարարների, Բի-Բի-Սի-ի լրագրողների հետ մեքենայով ուղեւորվում ենք դեպի նորվեգական թաղամաս, որտեղ, որքան էլ զարմանալի է, անգլիացիների կառուցած տներ կան։

Նորվեգական թաղամասը առաջին հերթին հայտնի է Նանեսնի անվան հիվանդանոցով։ Հենց այդ հիվանդանոցի դիմացի տարածքում էին աշխատում բրիտանացի փրկարարները 1990 թվականի ամռանը։

Այդ ամառն էր, որ սկիզբ դրեց սպիտակցիների ու փրկարարների ընկերությանը։ Սակայն ճիշտ կլիներ ասել, որ նրանք արդեն փրկարար չէին։ 1990 թվականին նրանք արդեն կամավորներ էին։

0:00
0:00

Իսկ 1988-ի դեկտեմբերին փրկարարները Սպիտակում աշխատում են մոտ երկու շաբաթ՝ մինչեւ տարեվերջ։ Տուն վերադառնալուց հետո, ինչպես իրենք են ասում, «սկսեցինք մտածել Հայաստան վերադառնալու մասին»։

Եւ դրա համար Փոլ Բըրնսը հանդիպում է Մանչեստրի հայ համայնքի հետ։

«Հայկական Սփյուռքի ու հատկապես Մանչեստրի հայ համայնքի աջակցությունը մեծ խթան էր Հայաստան նոր առաքելությամբ վերադառնալու համար, - ասում է Փոլը երախտագիտությամբ, - Մանչեստրում ապրող հայերը մեկ մարդու պես կանգնեցին Հայաստանի իրենց քույրերի ու եղբայրների կողքին»։

Մանչեստրի համայնքին պետք էր Փոլի օգնոթյունը, իսկ Փոլին ու իր թիմին համայնքի աջակցությունը։ Հայերի օգնությամբ հավաքվում է երեք տուն կառուցելու գումար ու 1990 թվականի ամռանը Փոլն իր խմբով կրկին գալիս է Հայաստան՝ այս անգամ իր խմբում ընդգրկելով նաեւ կամավոր-շինարարների։

Եւ ֆուտբոլի մասին

Այդ ժամանակ Իտալիայում անցնում էր ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Ֆուտբոլն ամեն ինչ փոխեց։ Սկզբում բրիտանացիների ամենօրյա ճանապարհը՝ աշխատանքի վայրից կացարան ու հակառակ ուղղությամբ էր։ Բայց կացարանում հեռուստացույց չկար։

Անգլիացիներն ուր էլ լինեն ու ինչ իրավիճակ էլ լինի, ֆուտբոլի մասին չեն մոռանում, - մեծ կարոտով պատմում է Սպիտակի մշակույթի տան տնօրեն Սամվել Մաթոսյանը։

Սամվելն առաջարկում է կամավոր-շինարարներն ու փրկարարներն աշխատանքից հետո հավաքվել իրենց տանը, դիտել ֆուտբոլի խաղերը։ Սկզբում ամաչում են, բայց ինչպես կարող է բրիտանացին հրաժարվել ֆուտբոլից։ Եւ Սամվելի առաջարկն ընդունվում է։

Բրիտանացի շինարարները Սպիտակում՝ 1990թ, ամառ

Ու հենց այդ երեկոներին է կառուցվում բրիտանա-սպիտակյան ընկերությունը։ Սամվել Մաթոսյանը հիշում է, որ ֆուտբոլ նայելով իրենց հանդիպումները չէին սահմանափակվում։ Ճաշկերույթները սկսվում էին դեռ խաղի ժամանակ եւ շարունակվում մինչեւ ուշ։

Հայկական հյուրասիրություն ու անգլիական ֆուտբոլային մթնոլորտ, ո՞նց կարող էինք չմտերմանալ, - ասում է Մաթոսյանը։

Րեջջի Բերրին Սպիտակում՝ 1990թ ամառ

Ֆուտբոլի առաջնությունն ավարտվում է հուլիսի 8-ին, չեմպիոն է դառնում՝ Գերմանիայի հավաքականը։

28 տարի առաջ. երեք տուն, երեք տեր

Երբ ավարտվում է ֆուտբոլի առաջնությունը, ավարտվում է նաեւ տների շինարարությունը։ Տները հանձնվում են հուլիսի 17-ին՝ Սպիտակի դպրոցներում աշխատող անգլերենի երեք ուսուցիչներին։

Բրիտանացի շինարարները տներ են կառուցում Սպիտակում

Ուսուցիչներին ես ընտրեցի, բանալիներն անգլիացիները հանձնեցին,- հիշում է Սամվելը։

Հենրիկ Գրիշկյանը, Դավիթ Ղազարյանն ու Հրաչյա Դավթյանը դառնում են անգլիացիների կառուցած տների առաջին տերերը։

Տները փայտից ու քարից են, որակով ավելի լավ, քան երկաթե ժամանակավոր տնակները։

28 տարի անց. երեք տուն, մեկ տեր

Մինչեւ 2000-ականները երեք ուսուցիչներն ապրում են իրար կողք կողքի։

Հրաչյան մահացել է, Հենրիկը ծերանոցում է, Դավիթն այլ տուն է տեղափոխվել։

Այսօր այս երեք տներն էլ ունեն մեկ տեր՝ Արգամ Սարգսյանն է։

Արգամ Սարգսյանն ու Րեջջի Բերրի՝ Սպիտակում 2018թ

Որ որակով չէղներ, էսքան տարի ինչըխ սենց կմնար,- տներից մեկի սենյակներով անցնելով պատմում է Արգամը,- քիչ ձմեռը ցուրտ կէղնի, բայց պեչկեն կվառենք կտաքնանք։ Տնից գոհ եմ, մի քիչ ռեմոնտի կարիք կա։

Տներից երկուսն Արգամը գնել է 1000-ական դոլլարով՝ 2008-ին, երրորդը՝ քաղաքապետարանն է նվիրել։ Ինքն ու կինն են, երեք երեխաներն ու իրար հետ հաշտ ապրող այս տների շունն ու կատուն։ Պատերից երեւում է, որ բրիտանացիների կառուցած տունը վերանորագման կարիք ունի, բայց կանգուն է ու ամուր։

Արգամ Սարգսյանի ընտանիքը

Իմանալով, որ տները այսօր մեկ տեր ունեն, բրիտանացիները ուղեւորվեցին դեպի Սպիտակի քաղաքապետարան։

450 անօթևան Սպիտակում՝ 30 տարի անց

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ հանդիպմանը Փոլ Բըրնսն ու Րեջջի Բերրին սկսեցին պատրաստվել վաղ առավոտից: Փոլը զգուշությամբ կոստյումին էր ամրացնում իր մեդալները, Րեջջին՝ հարմարեցնում փողկապը կոստյումի հետ:

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը և Փոլ Բըրնսը

Հանդիպումը սպասվածից ջերմ էր: Քննարկման առաջին թեման՝ անօթևաններն ու Սպիտակի ներկայիս խնդիրները:

Անօթևաններ դեռ կան,- քաղաքապետն այսպես սկսեց խոսքը,- մոտ 450 ընտանիք են, բայց բոլորը չէ, որ երկրաժարշից հետո են դարձել անօթևան: Կուզեինք երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ Սպիտակը տեսնել առանց անօթևանների:

Խոսակցությունները քաղաքապետի սենյակում շարունակվեցին մոտ երեք ժամ: Հանդիպման վերջում Սպիտակի քաղաքապետը հանձնեց շնորհակալագրեր ու երախտագիտության խոսքեր փոխանցեց բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել հայերին:

Իսկ 1990 թվականին շինարարության ավարտից հետո բրիտանացիները հանձնում են բանալիները այն ժամանակվա տան տերերին ու վերադառնում Բրիտանիա։ Այս անգամ ոչ թե խոստանալով վերադառնալ, այլ խնդրելով Սամվելին ու կնոջը հյուրընկալել իրենց։ Սամվելն ու կինն ընդունում են առաջարկն ու սպասում իրենց երրորդ հանդիպմանը։