Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները
2018-12-09 08:00:40

ԱԺ արտահերթ ընտրություն-2018

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրությունները։ Առավոտյան ժամը 0800-ին բացվել են ՀՀ բոլոր 1998 ընտրական տեղամասերը։ Դրանք բաց կլինեն մինչեւ ժամը 2000-ը։

Հայաստանի թվով 13 ընտրական տարածքներում, ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ, ինչը շուրջ 10 000-ով ավելի է 2017-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ցուցանիշից: Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:

Ընտրողներից 844-ը գտնվում են ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում։

Ի դեպ, ըստ ԿԸՀ-ի ստացիոնար բուժում իրականացնող բուժհաստատություններում բուժում անցնող և տեղամասեր ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, ինչպես նաև ձերբակալված անձանց պահելու վայրերում գտնվող անձանց համար քվեարկությունը կավարտվի 18.00-ին:

 

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժեր

 

Դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 կուսակցություն և 2 դաշինք: Պատգամավորական 101 մանդատի համար պայքարում է համամասնական ու տարածքային ցուցակներով առաջադրված 1451 պատգամավորի թեկնածու:

Պատգամավորության թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ 183  անուն, ամենափոքրը ՝«Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ 81: 

Հանրապետության տարածքը բաժանվել է 13 ընտրատարածքի`4-ը մայրաքաղաքում, 9-ը մարզերում (Սյունիքի և Վայոց ձորի մարզերը ընդգրկվել են մեկ ընտրատարածքում):

Ընտրություններին մասնակցող ուժերից յուրաքանչյուրը ներկայացրել է 2 ցուցակ՝ մեկ համապետական համամասնական և 13 տարածքային՝ ամեն ընտրատարածքի համար մեկական: Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվելու է կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին, մյուս կեսը բաշխվելու է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև։

Էլեկտրոնային քվեարկություն
 

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը իրականացվել է ավելի վաղ՝  նոյեմբերի 30-ից մինչև  դեկտեմբերի 2-ը: Այս եղանակով քվեարկելու իրավունք ունեն այլ երկրներում  Հայաստանի դեսպանությունների աշխատակիցները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները. նրանց թիվը  729 է:   


Ուղիղ հեռարձակում տեղամասերից
 

ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ համացանցային հեռարձակում է իրականցվելու շուրջ 2000 ընտրատեղամասերից 1500 ում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում գործարկվել է «Ուղիղ հեռարձակում տեղամասերից» հղումը, որի միջոցով կարելի է առցանց ռեժիմում հետևել ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքին և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։


Մանդատներ
 

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մանդատները համամասնորեն բաշխվելու են բոլոր քաղաքական ուժերի մեջ. կուսակցությունների համար անցողիկ շեմը 5% է, դաշինքների համար՝ 7% : Խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ, օրենսդիր մարմինը պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր:  Իշխանություն ձևավորող կուսակցությունը կամ դաշինքը կարող է ստանալ  մանդատների ընդհանուր քանակի առավելագույնը 2/3-ը, ընդդիմությունը ՝ առնվազն 1/3-ը:

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ Հայաստանում անցկացվում են առաջին անգամ:


Դիտորդներ
 

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ է ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերը, ինչպես նաև ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը:

Դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ են ներկայացրել նաև 22 տեղական հասարակական կազմակերպություններ, որոնք հանձնաժողովում ընդհանուր թվով հավատարմագրել են 17813 դիտորդ:

Քվեարկության օրը քվեարկության ընթացքը լուսաբանելու համար հավատարմագրվել է 32 օտարերկրյա և 70 տեղական զանգվածային լրատվամիջոց, այդ թվում ՝ Ռոյթերս, Դոյչե Վելլե, ԲԻ-ԲԻ-ՍԻ, Ասոշիեյթիդ պրես, ՏԱՍՍ, Ֆրանս պրես և այլն:

Միայն հայաստանյան լրատվամիջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության ընթացքը լուսաբանելու համար հավատարմագրել են 1132 մասնագետի:


ԿԸՀ կարգ

Ժամը 20.00-ին քվեարկության ավարտից ու ընտրատեղամասերի փակվելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովները 12 ժամվա ընթացքում պետք է ավարտեն քվեաթերթիկները հաշվելու գործողությունը, կազմեն քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն և այն հրապարակեն:

Մինչև դեկտեմբերի 10-ը՝ ժամը 20.00-ն, կամ քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներբեռնելու հնարավորությամբ իր կայքում պետք է տեղադրի քվեարկության նախնական արդյունքները, ինչպես նաև պաշտոնապես այն հրապարակի հեռուստատեսությամբ և ռադիոյով:

Ընտրություններին մասնակցած կուսակցություններն ու դաշինքները մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 18.00-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներ:

Քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջնական արձանագրությունը, արդյունքների ամփոփումը և մանդատների նախնական բաշխման որոշումը ԿԸՀ-ն պետք է կայացնի ու հրապարակի դեկտեմբերի 16-ին:

Եթե մանդատների նախնական բաշխման որոշում կայացվել է, ապա ընտրական շեմը հաղթահարած կուսակցություններն ու դաշինքները 6 օր, այսինքն՝ մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 18.00-ն, ժամանակ ունեն, օրենքով սահմանված կարգով քաղաքական կոալիցիա կազմելու ընտրական արգելապատնեշը հաղթահարած առավելագույնը երկու կուսակցության կամ դաշինքի հետ:

Դեկտեմբերի 23-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական որոշում է ընդունելու Ազգային Ժողով ընտրվելու կամ ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին:


Տես նաեւ՝

Դիտորդներ են հրավիրվել

Պետդուման դիտորդներ կուղարկի Հայաստան