Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախի փրկարար ծառայությունն էլ ծնվեց Սպիտակում
2018-12-13 13:16:33

1988 թվականի ավերիչ երկրաշարժի թույլ ցնցումները զգացնել են նաեւ Արցախում: Առաջին ժամերին մարդիկ չէին էլ մտածում դրանց մասին. ավելի հզոր էր տեղեկատվական ցնցումը, որ տակնուվրա արեց ամեն ինչ: Ստեփանակերտում հավաքատեղին Լենինի, այժմ Վերածննդի հրապարակն էր: Այստեղ իշխանություններն իրազեկեցին անելիքների մասին: Աղետի գոտի մեկնելուն պատրաստ կամավորները շատ էին: Առաջին հերթին ուղարկվեց շինարարական տեխնիկան, ապա կազմավորվեցին ջոկատները: Դրանցից մեկը ամենամասնագիտացվածն էր, թեեւ, ինչպես պատմում է դրա ղեկավարը՝ Ասլան Գրիգորյանը, տեղում հասկացան, որ իրենց հմտություններն ու գիտելիքները բավարար չեն արհավիրքի հետեւանքերի դեմ պայքարելու համար:

0:00
0:00

Ասլան Գրիգորյանի հետ հանդիպում ենք Ստեփանակերտի հուշահամալիրում: «Պատկերացնում ես, արդեն 70 եմ, երեսուն տարի է անցել, եթե ինչ որ բան չհիշեմ կներես»,-ասում է նախօրոք ու միայն զրույցի ընթացքում հասկանում եմ նախկին փրկարարի նախազգուշացման պատճառը: Երկրաշարժից երեսուն տարի անց էլ չի ուզում վերհիշել սահմռկեցուցիչ դրվագները։

30 տարի առաջ Ասլան Գրիգորյանը Ստեփանակերտում տուրիստական ակումբ էր հիմնել, որին կից հսկիչ փրկարարական ջոկատ կար, հմտանում էին լեռնափրկարարական գործում: Դեկտեմբերի յոթին հավաքվեցին բոլորը`24 հոգի: Կազմակերպչական հարցերն ավարտելուց հետո ճանապարհվեցին աղետի գոտի: Արցախյան շարժման ակտիվ շրջանն էր, Արցախից Գանձակ -Կիրովաբադով Մայր Հայաստան ճանապարհվող շարասյուները կանգնեցրին նախ Գանձակում: Որոշները քարկոծվեցին: Երբ հասան սահմանին՝ ժամերով բաց չէին թողնում, որեւէ բացատրություն չէր օգնում համոզել ադրբեջանցիներին:

Զրուցակիցս պատմում է ռուսերեն, հուզմունքի պահին անցնելով Ստեփանակերտի խոսվածքին: Ամսի 8- ին հասան աղետի գոտի:

«Սպիտակում անելիք չունեինք. քաղաքը հողին էր հավասարեցված։ Գլուխներս բռնել էինք».- արդեն ճերմակող, լայնաթիկունք բարձրահասակ տղամարդը պատմելուց ակամա նույն շարժում է անում, կորանում, նմանվում արձանին, որի մոտ զրուցում ենք:

Գլուխն ափերի մեջ առած Արցախի մեծ մոր` այայի տեսքով է քանդակագործ Արմեն Հակոբյանը երեսուն տարի առաջ պատկերել արցախցիների ցավը:

Մեկնեցին Գյումիրի: Այդտեղ ամեն ինչ այլ էր: Ամենուր ավերակներ էին, ողբացող մարդիկ: Թանկ էր ամեն րոպեն:

Ուշքի գալ ստիպեցին սովն ու հոգնածությունը: Արդեն երեք օր էր անցել: Բայց ոչ ուտելու, ոչ էլ հանգստանալու ուժ ու կամք չկար: Օգնության կարիք ունեցողներն ավելի շատ էին:

Եւ փրկվածներ կային եւ... ամեն ինչի էլ հանդիպել ենք, զգացել՝ որքան ենք անպատրաստ՝ խոստովանում է զրուցակիցս: Առաջին պահերին գործելու թելադրում էին զգացմունքները, հետո՝ ժամերի ընթացքում, ավելի կազմակերպված սկսեցին աշխատել՝ բարի նախանձով հետեւելով արտասահմանյան գործընկերներին: Արցախի փրկարարները աղետի գոտում մնացին քսան օր: Հենց այդտեղ էլ ծնվեց իսկական համալրված փրկարարական ջոկատ ունենալու գաղափարը: Արցախում արդեն զգացվում էր պատերազմի շունչը:

88- ի դեկտեմբերին ձեռքբերած փորձը, նաեւ գործընկերներն ու նոր բարեկամները օգնեցին արդեն երկու տարի անց հիմնադրել «Արցախ» փրկարարական ջոկատը:

Կյանքը փրկելու արվեստը կատարելագործեցին պատերազմի ահավոր օրերին: Ասլան Գրիգորյանը մինչեւ 2007 թվականը`17 տարի ղեկավարեց իր հիմնադրած ծառայությունը, դրա հիման վրա կազմավորվեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական կառույցը, որ տարբեր տարիներ տարբեր անվանումներ ուներ եւ հետզհետե ընդլայնվելով իր մեջ ներառեց մի շարք ոլորտներ: Հիմա թոշակառու է, հետեւում է փրկարար ծառայության զարգացմանը։ Այս նաեւ ժամանակ ունի զբաղվելու սիրած գործով, որն ընդհատեց պատերազմը. երիտասարդական ավյունով արշավականներին ծանոթացնում է սիրելի հայրենիքի գողտրիկ անկյուններին: