ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Չհետեւե՛լ ԵՊՀ ռեկտորի օրինակին. Սանասարյանի հորդորը՝ նախկին ու ներկա պաշտոնյաներին
2019-01-11 18:57:55

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Պետական վերահսկողական ծառայություն - Երևանի պետական համալսարան  հակամարտությունը շարունակվում է.  կառույցի ղեկավարն այսօր պատասխանել է համալսարանի ռեկտորի հայտարարություններին: Իսկ ռեկտորն այդ հայտարարություններն արել էր ՝ արձագանքելով  վերահսկողական կառույցի ուսումասիրությունների արդյունքներին:

Մեր ցանկացած գործողություն կարող է վիճարկվել դատարանում՝ այսօր ասել է Դավիթ Սանասարյանը, միաժամանակ վստահեցրել՝ իրենց ուսումնասիրության արդյունքներնը դատարան անպայման հասնելու են:

0:00
0:00

ԵՊՀ-ի գործը գնալու է դատարան՝  վստահեցնում է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի ղեկավարած կառույցը Մայր բուհում իրականացրած ուսումնասիրությունից հետո հայտարարել էր, որ 800 մլն դրամի չարաշահում է հայտնաբերվել:

«Մեզ պետք էր, որ պատկերը ստանանք, թե ինչ ա կատարվել ԵՊՀ-ում: Խոսում են Մայր բուհի վարկանիշի մասին, թե իբր մեր գործունեությամբ կասկածի տակ ենք դնում այդ վարկանիշը: Ընդհակառակը, մենա ասում ենք, որ թույլ չենք տալու այսուհետ, որ որևէ լումա ԵՊՀ-ից խլվի»:

Վարկանիշի վրա բացասաբար ազդելու մասին խոսել էր Պետհամալսարանի ռեկտորը: Նա տարվա վերջին աշխատանքային օրն էր ստացել ուսումասիրության արդյուքնը և նույն օրը երեկոյան ասուլիս էր հրավիրել՝ պատասխանելու Վերահսկողական ծառայության դիտարկումներին: Ուսումնասիրության արդյուքների մեծ մասի հետ Արամ Սիմոնյանը համաձայն չէր:

«Համաձայն չենք, որովհետոև դեկլարատիվ, անապացույց, փիլիսոփայական եզրակացություններ են, փաստեր, որոնք կապ չունեն Պետհամալսարևանի հետ»:

ԵՊՀ ռեկտորի արձագանքն էլ  ուսումնասիրության արդյունքների հետ կապ չունեցող և մանիպուլյատիվ  է  որակում Դավիթ Սանասարյանը : Նախկին ու ներկա պաշտոնյաներին   հորդորում է չհետևել Արամ Սիմոնյանի  օրինակին:

«Մենք վստահեցնում ենք, որ մեր փաստաթղթի համար պատասխանատու ենք ամբողջությամբ»:

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրել է վերջին 3 տարիներին ԵՊՀ-ի իրականացրած գնումները: Ուսումնասիրել են ոչ թե 9 մլրդ-ի, ինչպես Արամ Սիմոնյանն է ասում, այլ ընդամենը 2 մլրդ դրամի գնում՝ ասում է Սանասարյանը:  Ծառայության ուսումասիրությունը  ժամանակի և ռեսուրսի պակասի պատճառով չի հասել ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղ,  բուհի հանգստյան տներ: Եթե ավելի ընդգրկուն լիներ, չարաշահումներն ավելի մեծ  կլինեին՝ համոզված է Վերահսկողական ծառայության ղեկավարը:

Խախտումներ հայտանբերվել են տարբեր ոլորտներում՝  բուհական պահնորդական ծառայության իրականացումից, սանմաքրման աշխատանքերից մինչև շինարարություն: Օրինակ ՝ 2015-ին ԵՊՀ-ում շինարարություն իրականացնելու համար հայտարարվել է գնումների ընթացակարգ, դրան մասնակցել է 9 ընկերություն, մասնակիցներից 8-ը ներկայացրել է 210-279 մլն դրամի, մեկը՝ 390 մլն դրամի գնային առաջարկ։

Բոլոր մասնակիցների հայտերը մերժվել են՝ բացի բացի ամենաբարձր գինն առաջարկող  հայտից: Կառույցի  սոցիալական ոլորտի վերահսկողության պետի պաշտոնակատար Դավիթ Ադիյանն ասում է՝ ուսումնասիրել են 8 հայտերի մերժման հիմքերըը, պարզել, որ մերժումների գերակշիռ մասը հիմնավոր չի եղել։

« Շինարարության ծավալները ևս ուսումնասիրվել են և բացահայտվել է 24 մլն դրամի ծավալային հավելագրում, 17 մլն դրամի նախատեսված գներից թանկ գնով շինաշխատանքների իրականացում և գերշահույթ»:

ԵՊՀ ռեկտորը չի բացառում դատական կարգով պարզաբանումներ պահանջելը, Դավիթ Սանասարյանն ասում է՝ պատրաստ են ցանկացած վիճարկման:

«Թող դատարան դիմի, բարի է, թե ինչ համբավ է՝ թող դատարանում փորձի պարզել: Կարող է վիճարկել մեր ցանկացած գործողություն դատարանում, մենք պատրաստ ենք»:

Ծառայությունն այժմ ուսումնասիրություն է իրականացնում  Պետական բժշկական համալսարանում: Գյուղատնտեսականում ավարտել են, արդյունքները  կներկայացնեն առաջիկայում:  Ընդհանուր առմամբ՝ ծառայության ստուգումների արդյուքնում շուրջ 600 մլն դրամ է վերականգնվել:

Դավիթ Սանասարյանն ասում է՝ գլխավոր նպատակը  ոչ թե գումարմների վերադարձն է, այլ չարաշահումների հիման վրա վերլուծություն ներկայացնելը  ու դրանց հնարավորությունն առաձիկայում բացառելը: