ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեր մասին
Հայաստանի հանրային ռադիոն այս տարի նշեց իր 92-ամյա տարեդարձը: Գրեթե մեկդարյա պատմություն ունեցող լրատվամիջոցն այսօր ունկնդիրներին է ներկայանում ամենաժամանակակից ու երիտասարդ տեխնիկական միջոցներով:

Հայաստանի հանրային ռադիոընկերություն

Առաջին հեռարձակումը՝ 1926 թ.-ի սեպտեմբերի 1
Տարբերանշանը՝ 
Հաղորդումներ է հեռարձակում 11 լեզվով
Հասցեն համացանցում՝ www.armradio.am
Առավոտյան ազդականչը՝ ՀՀ հիմնը

Առաջին Հանրապետության առաջին ռադիոն

Կարելի է ասել, որ ռադիոն Հայաստանում հիմնվել է 1919 թվականին, երբ Թիֆլիսում գնվեց և ապրիլի 28-ին Երևան տեղափոխվեց Մարկոնիե տիպի ռադիոկայան:

Այն ձայնային չէր և կիրառվում էր ռադիոհեռագրեր ու ռադիոհաղորդագրություններ ուղարկելու և ստանալու համար։ Ռադիոկայանը կոչվեց «Ուժեղ ռադիո», տեղակայվեց Երևանի երկաթուղային կայարանի շենքում և հանձնվեց Զինվորական նախարարությանը՝ գավառների և այլ պետությունների հետ շուրջօրյա կապ հաստատելու համար։

Փաստաթղթերը տեղեկացնում են, որ այն «ուներ 9 կիլովատ և 17 ամպեր հզորություն, լրատվություն կարող էր ուղարկել մինչև 1000 վերստ»: Ուժեղ ռադիոկայանը Առաջին հանրապետությանը ծառայեց մինչև վերջ՝ 1920 թ.-ի նոյեմբերը։

Խորհրդային Հայաստանը ընդամենը 5 օրեկան էր, երբ 1920 թվականի դեկտեմբերի 2-ից այն առգրավվեց նոր` բոլշևիկյան ղեկավարության կողմից:

Երևանի Ուժեղ ռադիոկայանի առաջին աշխատակիցների ցուցակը (1921թ.)

Անցավ մի քանի օր, և 1920թ. դեկտեմբերի 17-ին Խորհրդային Հայաստանի հեղկոմի նախագահ Ս. Կասյանը ստորագրեց առաջին դեկրետը Երևանի Ուժեղ ռադիոկայանի վերաբերյալ։

Դեկրետների ժողովածու, պրակ 1. 1920-1921թթ., էջ 18-19

1925 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը որոշում ընդունեց Երևանում հանրապետական նշանակության ռադիոկայան հիմնելու վերաբերյալ, և Ուժեղ ռադիկոյանի աշխատակիցները տեղափոխվեցին հանրապետական նշանակության նոր ռադիոկայան:

«Լսեցե՛ք, լսեցե՛ք, խոսում է Երևանի լայնահաղորդ կայանը»

Երևանի պատմության թանգարանում պահպանված ռադիոբարձրախոս  (1920-1930թթ.)

1926թ. սեպտեմբերի 1-ին Հանրապետական նշանակության պետական ռադիոկայանը, երկաթուղային կայարանի շենքից եթեր հեռարձակեց 25 րոպե տևողությամբ առաջին փորձնական ռադիոհաղորդումը: Ականատեսների վկայությամբ հաղորդավար Սուրեն Քանանյանը մի քանի անգամ ընդմիջելով երաժշտությունը՝ հայտարարել է «Լսեցե՛ք, լսեցե՛ք, խոսում է Երևանի լայնահաղորդ կայանը» բառերն ու հաղորդել տեղական նշանակության մի քանի լուր: 

Երևանի հին կայարանի շենքն է, որտեղից էլ առաջին անգամ՝ 1926թ. սեպտեմբերի 1-ին, հեռարձակվել է փորձնական հաղորդումը

Պահպանվել են հետաքրքիր տեղեկություններ առաջին փորձնական հաղորդումների նախապատրաստման մասին, թե ինչպես ռադիոհաղորդումների կազմակերպիչները շրջում էին Երևանով մեկ՝ այս կամ այն երգչին գտնելու և ռադիոկայան հրավիրելու համար: Հայտնի է նաև, որ դա ոչ միշտ էր հաջողվում։ Համարյա նույնն էլ հիմա է... 

Ըստ ռադիոտեսաբանների («Ռադիոֆրոնտ» 1937թ․), ռադիոյի պարբերական հեռարձակումներն սկսվել են 1927 թվականի հունիսի15-ից։

Սկիզբ

Նոր ռադիոկայանին պայմաններ էին պետք զարգանալու համար, և 1926 թվականին Անդրփոստ-հեռժողկոմատի տրամադրած 700 ռուբլիով Ռադիոն տեղափոխվեց «Ինտուրիստ» հյուրանոցի չորորդ` վերջին հարկ։ Դա այսօրվա «Երևան Գրանդ Հոթել» հյուրանոցն է, որտեղ և հատկացված 4 սենյակներում Երևանի ռադիոն շարունակեց իր աշխատանքները։

Արդեն 1929թ.-ից հաղորդումներն սկսեցին վարել ռադիոհաղորդավարները։ Առաջիններից էին Վերգինե Բաբայանն ու Սուրեն Քանանյանը։

    «Ինտուրիստ» հյուրանոց. 1920-ականներին այստեղ աշխատել է Հայաստանի ռադիոն (մինչև 1936թ.)
ՀԽՍՀ գավառների ռադիոֆիկացման քարտեզը (1926թ.)

Հանրապետական ռադիոկոմիտե

Ռադիոն հայտնվել էր խորհրդային իշխանությունների ուշադրության կենտրոնում: 1929 թ. վերջերին հիմնվեց հանրապետական ռադիոկոմիտեն, որի առաջին 12 աշխատակիցները կամ նախկին ռադիոկայանի կամ ռադիոսիրողների շարժման մասնակիցներ էին։ Բայց ռադիոն, որպես քարոզչության անփոխարինելի միջոց արդեն իսկ հայտնվել էր պետանվտանգության և կուսակցակցության ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Ռադիոյում հնչած ամեն մի խոսք վերահսկվում էր: Ու եթերից ասված ցանկացած ազատ միտք կարող էր շինծու մեղադրանք դառնալ Ռադիոյի «անցանկալի» աշխատողների և հյուրերի համար։ Նրանց թվում հայտնվեց նաև ռադիոգործի նվիրյալներից մեկը՝ ռադիոկայանի վարիչ Կոնստանտին Ավետիսյանը:

Հանրապետական ռադիոկոմիտեի առաջին աշխատակիցների ցուցակը ( 1928թ.)

Առաջին ուղիղ ռադիոռեպորտաժը

Առաջին ուղիղ ռադիոռեպորտաժը կազմակերպվեց 1934թ.-ի մայիսի 1-ին Երևանի Լենինի (այժմ Հանրապետության) հրապարակից։ Այն վարեց հաղորդավար Եղիշե Հովհաննիսյանը:

Հայաստանի ռադիոյի մանկական բաժին ուղարկված նամակները (1939-1941թթ)

  
1936թ-ից Հայաստանի ռադիոն տեղափոխվեց Փոստի շենք՝ մինչև 1956 թ․

Հրաման գլխավոր հրամանատարի…     
  
Հայրենական մեծ պատերազմի սկսելու մասին լուրը Հայաստանի ռադիոն հաղորդեց 1941 թ.-ի հունիսի 22-ին՝ ժամը 12-ին։
«…հունիսի 22-ի լուսադեմին գերմանական բանակի կանոնավոր զորքերը գրոհեցին մեր սահմանապահ զորամասերի  վրա՝ Բալթիկ ծովից մինչև Սև ծով ձգված ճակատում…» 
Այդ տարիներին Ռադիոն հաճախ պաշտոնական լրատվությունը եթեր էր հեռարձակում` չսպասելով պաշտոնական ամփոփագրերի: Ինչպես հիշում է ռադիոհաղորդավար Թամարա Գալստյանը. 

«Երբ Մոսկվան տալիս էր  «Վերջին ժամը»   կամ «Սովինֆորմբյուրոյի» հաղորդագրությունը, մենք, չսպասելով հայ հեռագրական գործակալության նյութերին, հենց ռադիոյից ընդունում էինք ռուսերենը և մինչ Մոսկվան կկարդար երկրորդ անգամ ու կտար քայլերգ, մեր «Վերջին լուրերի» խմբագրության աշխատողները  տեքստը թարգմանում, պատրաստում էին և հաճախ էջ առ էջ բերում ստուդիա, ու մենք սկսում էինք՝ «Հրաման գլխավոր հրամանատարի…»:  

Եվ վերջապես, 1945 թ. մայիսի 2-ին  ժ. 14.15-ին  համամիութենական ռադիոն հաղորդեց երկար սպասված լուրը. «...խորհրդային զորքերը գրավեցին հիտլերյան Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը…»:

Իսկ մի քանի օրից, մայիսի 9-ին, Թամարա Գալստյանը արդեն հաղորդում էր հաղթանակի լուրը.

Առավոտյան ժամը 6-ին վազեցինք ռադիո և ամբողջ օրվա ընթացքում  կարդում  էինք պատերազմի ավարտի մասին․․․ «Հրաման գլխավոր հրամանատարի…»  , ցնծալի, ուրախ, տոնական երաժշտությամբ։

Երևա՛նն է խոսում, Երևա՛նն է խոսում

Սփյուռքահայության համար հեռարձակվող առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել 1947 թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին: 

Հայաստանի ռադիոյի ժողգործիքների անսամբլը Բաթումի նավահանգստում   Կենտրոնում Օֆելյա Համբարձումյանն է,որի երգերը մեծ սիրով էին ունկնդրում Սփյուռքում (1947թ.)

-    Երևա՛նն է խոսում, Երևա՛նն է խոսում․․․

Առաջին խոսքի պատիվը տրվել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Հրաչուհի Ջինանյանին: Այդ օրը մեր հայրենակիցներին շնորհավորեցին Ավետիք Իսահակյանն ու  Վահրամ Փափազյանը։ 

1954-1960 թվականներին  Հայաստանի ռադիոն հազարավոր նամակներ էր ստանում Սփյուռքից` Լիբանանից, Իրանից, Սիրիայից, Քուվեյթից, Եգիպտոսից, ֆրանսիայից, Հունաստանից և այլ երկրներից.Դրանք այսօր էլ պահպանվում են ՀՀ  արխիվներում

Սփյուռքի հետ կապը մերձեցնելու (և իհարկե սոցիալիզմի «առավելությունները» քարոզելու) համար 1957 թ. ստեղծվեց արտասահմանի համար հեռարձակվող հաղորդումների վարչություն, որի հիմքի վրա 1983 թ. ստեղծվեցին երկու գլխավոր խմբագրություններ՝ հաղորդումների ընդհանուր ծավալը հասցնելով 6,5 ժամի, իսկ 1993 թ. խմբագրությունները միավորվեցին «Արաքս» ռադիոգործակալության մեջ, որը  կոչվեց «Հայաստանի ձայն» գործակալություն: 

Այսօր էլ Հայաստանի հանրային ռադիոն արտասահմանի համար հաղորդումներ է հեռարձակում 9 լեզվով, Սփյուռքին հասցեգրված հաղորդումներ են պատրաստում «Կամուրջ» և «Համասփյուռք»  հաղորդաշարերը։ Իսկ 1918թ.-ի փետրվարի 1-ից  ՀՌ-ի «Ռադիոլուր» լրատվականը լուրեր է հաղորդում նաև արևմտահայերենով։ Այն վարում է սիրիահայ Անի Զեյթունցյանը։

1950-ականների Ռադիոն․Մեր նոր տունը

                                     «Վերջին լուրերի»  խմբագրություն 
Ձախից աջ՝ ռադիոյի ինֆորմացիայի գլխավոր խմբագրի տեղակալ  Ստեփան Մարության,  գլխավոր խմբագիր Արշակ Անանյան, խմբագիր  Հեղուշ Տիտանյան

1950-ականները նշանավորվեցին նրանով, որ շահագործման հանձնվեց այն ժամանակվա լավագույն տեխնիկայով  ու սարքավորումներով հագեցված Ռադիոտունը:

                                               

Ռադիոյի հետ, ռադիոյի կողքին
Ձախից աջ` Վիկտոր Համբարձումյան,Մարտիրոս Սարյան, Դերենիկ Դեմիրճյան, Ավետիք Իսահակյան (1950-ականներ)

Ճարտարապետի՝ Հովհաննես Մարգարյանի ոչ բոլոր մտահղացումներն իրականություն դարձան: Ըստ նախնական տարբերակների, Ռադիոտան ճակատային մասը պետք է պսակվեր եռաստիճան աշտարակով և սայրաձողով (շպիլ), որը պարզ երևում է էսքիզներում: Այն այդպես էլ չկառուցվեց, քանի որ 1955 թվականին ընդունվեց Կոմունիստական կուսակցության և ԽՍՀՄ կառավարության համատեղ որոշումը «Ճարտարապետական ավելորդությունների դեմ պայքարի» մասին: 

Աշտարակն ու սայրաձողը համարվեցին «ավելորդություններ» և չկառուցվեցին: 

Մեջտեղում  Ռադիոտունն  է`  ավարտուն տեսքով (1956թ.)
 Ձախից` առաջին և երրորդ նկարներում Ռադիոտան մանրակերտն է (ճարտարապետ Հ. Մարգարյան 1954թ.)

Ռադիոյում հաղորդումներն սկսեցին երաժշտական  ձևավորմամբ ներկայացվել 1950-ականներից՝  երաժշտական հաղորդումների  գլխավոր խմբագիր Արամ Սաթունցի նախաաձեռնությամբ: Այդպես  հաղորդումներն ու ռադիոպիեսներն  ավելի գրավիչ ու հետաքրքիր դարձան:  
1965 թ-ին հիմնադրվեց ֆոնդային ձայնագրությունների խմբագրությունը։ 
Ձայնադարանին՝ շենքի նկուղային հարկում  նոր տարածք  հատկացվեց։ Ստեղծվեցին տեխնիկական պայմաններ ձայնագրությունների երկարատև պահպանման համար:

Ռադիոյի հաղորդավարները և աշխատակիցները.
Վերևի շարքում ձախից աջ` հաղորդավարներ Սոս Մայիլյան, Զոյա Սարգսյան, Վերա Հակոբյան, Ռոզա Ղարիբյան, Ջոն Հակոբյան, Ստեփան Մազմանյան
Ներքևի շարքում ձախից աջ` Թամարա Գալստյան, Նարինե Երզնկյան

Ռադիո, թե հեռուստատեսություն․․․

1956 թվականի նոյեմբերին ծնվեց հայկական հեռուստատեսությունը։  Հայաստանի ռադիոկոմիտեն վերանվանվեց Հայաստանի  հեռուստառադիոյի պետական կոմիտե:  Հեռուստատեսությունը, «խլելով» եթերային լավագույն ժամերն ու զանգվածային լսարանի գերակշիռ մասը՝ ռադիոյին  մեր բնակարանների հյուրասենյակից «տեղափոխեց» խոհանոց: 

 Նկարահանումներ ռադիոյում (1970-ականներ)
 

70-ականների կարևոր ռադիոիրադարձություններից էր «Ծիածան» ռադիոկայանի հիմնումը։ Շուրջ երկու տասնամյակ այն    ամենասիրվածներից էր։   

«Ծիածան»-ի հիմնադիրն ու առաջին խմբագիրն էր Արմեն Հովհաննիսյանը:

1980-ական թվականների երկրորդ կեսը ԽՍՀՄ-ում նշանավորվեց բացախոսության և վերակառուցման քաղաքականությամբ, որը միտված էր նոր շունչ տալ արդեն փլուզվող երկրին և կոմունիստական կուսակցությանը:

Դա ապարդյուն էր. սակայն այդ տարիներին աստիճանաբար փոխվեց  ՀՌ-ի լրագրողների աշխատելաոճը։

1988թ-ին Լեռնային Ղարաբաղում սկսված ազգային-ազատագրական պայքարն ու տարեվերջին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժը հանրապետության լրատվամիջոցներին, այդ թվում՝ Ռադիոյին ստիպեցին աշխատել արտակարգ իրավիճակների պայմաններում։

1991-ի դեկտեմբերին Խորհրդային Միությունը վերջնականապես փլուզվեց: Դրանից քիչ առաջ Լեռնային Ղարաբաղում սկսվեց լայնածավալ պատերազմ, որը Ադրբեջանը վարում էր Արցախի հայ բնակչության դեմ:

Այդ թվականներին երկրաշարժ ապրած և պատերազմական իրավիճակում ապրող Հայաստանի բնակչությունը կրկին ակտիվ ռադիոլսող դարձավ։ Դեռ գործում էր լարային ցանցն ու պարբերաբար հոսանքազրկվող բնակարաններում ռադիոն դարձել էր ինֆորմացիայի կարևորագույն աղբյուր: Այդ տարիներն աննախադեպ էին նաև ռադիոլրագրողների և օպերատորների համար։ «Աշխատանքային օր» հասկացությունը դադարել էր գոյություն ունենալ։ Հոսանքազրկվում էր նաև Ռադիոտունը, բայց լսարանն անտեղյակ էր դրանից մարդիկ լուրերի էին սպասում Արցախից։ Հաղորդումներն հիմնականում հնչում էին ուղիղ եթերով։

2001թ. հունվարի 19-ին ձևավորվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը` Հանրային  ռադիոն դարձավ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամ։

2017 թ-ից թվայնացվում է Հանրային ռադիոյի ձայնադարանը՝ շուրջ 20 հազար ձայնագրություն՝ ռադիոհաղորդումներ , ռադիոներկայացումներ  և այն ամենը, ինչ երկար տարիներ պահպանել է արդեն 93-ամյա Հայաստանի հանրային ռադիոն։