ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԲՈԿ-ը բարեփոխելու քայլերը ողջունելի են. ակադեմիկոս
2019-01-22 18:08:56

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Բարձրագույն որակավորման կոմիտեն բավական վճռական քայլեր է կատարել՝ ոլորտը բարեփոխելու եւ գիտության որակը մեր երկրում բարձրացնելու նպատակ-հիմնավորմամբ: Կառույցի նախաձեռնած քայլերը տարաձայնություների ու քննարկումների առարկա դարձել են տարբեր ժամանակներում:

Հերթական առիթներից մեկն էլ դարձել է մի շարք ամսագրերի դուրս մնալը ԲՈԿ-ի ցուցակից: Դա նշանակում է, որ նման հանդեսներն այլեւս չեն համարվում գիտական, հետեւաբար՝ դրանցում հրապարակած հոդվածներն էլ չեն համարվի այդպիսին:

Անդրադառնալով ԲՈԿ-ի քայլերի շուրջ ծավալված քննարկումներին՝ հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր շեշտել է, որ ինքը ողջունում է ԲՈԿ-ի նախաձեռնած գրեթե բոլոր վճռական քայլերը եւ կարծում է, որ դրանք շատ բան դրականորեն կփոխեն մեր երկրում գիտության որակի բարձրացման առումով:

 

0:00
0:00

 

Հոգեբան Սամվել Խուդոյանի դիտարկմամբ՝ ԲՈԿ-ը լուրջ քայլեր է իրականացրել հատկապես գրագողություննների դեմ եւ ինքը ողջունում է այդ վճռական քայլերը: Այդ տեսանկյունից է նա նաեւ դիտարկում մեկանգամյա խորհուրդների ստեղծումը, որոնք նույնպես գիտական շրջանակներում շատերի կողմից քննադատության արժանացան: Ինչ վերաբերում է գիտական մի շարք հանդեսներ ԲՈՀ-ի ցուցակում չընդգրկելու փաստին: 

«Այստեղ էլ եմ հիմնականում սկզբունքորեն կողմ: Այդ հարցը ավելի վաղ էլ է բարձրացվել: Գրագողությունը բավարար հիմք է հանդեսը ԲՈԿ-ի ցուցակի մեջ չընդգրկելու: Դուք թույլ եք տալիս, որ ձեր հանդեսներում գրագողություն տպվեն, հետո էլ ուզում եք մտնեք ԲՈԿ-ի ցուցակի մե՞ջ, երբ որ նրա կանոնադրական կետերից մեկն է պայքարը գրագողության դեմ»:

Այդ առումով ԲՈԿ-ի քայլերը ողջունեց նաեւ ակադեմիկոս Պավել Ավետիսյանը:

«Գիտության, էսպես ասած, «տունն ավիրող» մի գործունեություն էլ էդ գրագողություններն են: Բայց ես կարծում եմ, որ գրագողության հետ կապված խնդիրները, առաջին հերթին, լուծել է պետք գրախոսություններով: Մեզ մոտ դա միշտ ձեւական բնույթ  է կրել»:

Պավել Ավետիսյանը նաեւ նկատեց, որ ԲՈԿ-ը որոշ ամսագրեր ներառել է ցուցակում պայմանականորեն՝ տալով 6 ամիս ժամանակ խնդիրները շտկելու համար: Նրա խոսքով՝ նման նկատառումներ արվել էին  արդեն նաեւ կառույցի նախկին ղեկավարի ժամանակ: Ասաց, որ տեսնում է կամք եւ, կարծում է, որ ԲՈԿ-ի նոր ղեկավարի քաղաքականությունը արդյունավետ կլինի՝ գիտության որակը բարձրացնելու առումով:   

«Հիմնական խնդիրը գիտության որակը բարձրացնելն է: Պրոբլեմ ունենք: Խնդիրն այն է, որ ԲՈԿ-ը եւ գիտական մյուս կառույցները այնպիսի քաղաքականություն պիտի տանեն, որ մենք կարողանանք մեր գիտական արտադրանքի որակը բարձրացնենք ավելին, քան այսօր ունենք, իսկ մենք ունենք պրոբլեմներ էդ որակի հետ կապված, բազմաթիվ պրոբլեմներ»:

Սամվել Խուդոյանը, աակայն, դեմ է այս հարցում կատարված կտրուկ քայլերին: Այսինքն՝ երբ նախկինում գիտական համարվող որոշ հանդեսներ միանգամից են դուրս թողնվել այդ ցուցակից:

«Էս առումով, ես կարծում եմ, պիտի խաղի կանոնները զգուշացվեր, մի որոշ ժամանակ տար վերափոխվելու համար, հետո նոր՝ ցանկից հանվեր, որովհետեւ էսօր հասարակական գիտությունների որոշ ոլորտներում, օրինակ՝ մանկավարժություն, հոգեբանություն, չունեն հրատարակվելու տեղ Հայաստանում»:

Ի դեպ, մի շարք հանդեսների թվում ԲՈԿ-ի ցուցակից դուրս են մնացել նաեւ ԵՊՀ-ի հանդեսները: Հարցին, թե արդյո՞ք դրանում ենթատեքստ չեն տեսնում՝ հաշվի առնելով ԵՊՀ-ի եւ նրա ռեկտորի շուրջ բավականին ժամանակ ծավալվող անցուդարձերը՝ ինչպես Սամվել Խուդոյանը, այնպես էլ ակադեմիկոս Պավել Ավետիսյանը բացասական պատասխան տվեցին՝ շեշտելով, որ չեն կարծում:

Նաեւ նշեցին, որ նման խնդիրները՝ մասնավորապես գրագողության դեմ պայքարը, միայն հայաստանյան խնդիր չէ: Պարզապես մեզ մոտ շատ բան դեռեւս նորմատիվորեն կարգավորված չէ եւ դա պետք է արվի: