ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պայմանավորվածություն՝ գազի ներքին սակագները պահպանելու հարցում
2019-01-22 18:31:26

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են «Գազպրոմ Արմենիա»-ի հետ գազի ներքին սակագները պահպանելու հարցում: ՀՀ վարչապետն այս մասին ասել է Դավոսում «ՌԻԱ նովոստի» գործակալության հետ զրույցում:

««Գազպրոմ»-ը գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա»-ին, դրա համար մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվել ենք, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար շատ կարևոր է գազի երկարաժամկետ սակագին համաձայնեցնելու հարցը: «Հիմա Եվրասիական տնտեսական միությունում նույնպես քննարկումներ են ընթանում գազի և էներգետիկայի ընդհանուր շուկա ստեղծելու հարցի շուրջ, հետևաբար, մենք քննարկելու շատ հարցեր թեմաներ ունենք»,- ասել է Փաշինյանը:

«Գազպրոմ» ընկերությունը 2019թ. հունվարի 1-ից թանկացրել է սահմանին ՀՀ-ին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բանակցությունները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ վերջնական համաձայնության հասնելու համար: