Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հույս ունեմ, որ մեկ տարի հետո կունենանք ավելի համախմբված եւ արդյունավետ միություն. Նիկոլ Փաշինյան
2019-01-25 13:55:37

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում՝ նշելով , որ Հայաստանի նախագահությունը համընկնում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի հետ, ասել է, որ չնայած առաջին տարիների դժվարություններին, վերջին 5 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է որպես հաջող ինտեգրացիոն միություն:

«ԵԱՏՄ անդամ երկրների համար եվրասիական ինտեգրացիան առաջնային ուղղություն է, որը թույլ է տալիս բարելավել տնտեսավարման պայմանները բիզնեսի համար, ուժեղացնել համագործակցությունը ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր գործընկերություններ ինտեգրացիոն միության տնտեսական ներուժի իրագործման համար: Միևնույն ժամանակ, բոլոր անդամ պետությունները պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի շարունակեն և ակտիվացնեն ԵԱՏՄ-ի ինստիտուցիոնալ զարգացումը: Հայաստանը, իր հերթին, կանի ամեն ինչ, որպեսզի պահպանվի ինտեգրման դրական դինամիկան, լուծվեն այն խնդիրները, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկրների տնտեսական աճի համար»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Նա ուշադրություն է հրավիրել ԵԱՏՄ մի շարք կարևոր և հրատապ խնդիրների լուծման անհրաժեշտության վրա՝ առաջին հերթին ինտեգրացիոն ուղղություններից առանձնացնելով էներգետիկ և տրանսպորտային ոլորտները.

«Եվրասիական տնտեսական միության առանցքային ինտեգրացիոն ուղղություններից է էներգետիկ ոլորտը` որպես ԵԱՏՄ տնտեսական ոլորտներում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմանների ստեղծման հիմք: Այս համատեքստում անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել նավթի, նավթամթերքի և գազի միասնական շուկաների ձեւավորման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագրերի իրականացման շուրջ: Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները:

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ու դիվերսիֆիկացման համար, ինչը խթան կհանդիսանա միության մեջ ապրանքաշրջանառության աճի և ապրանքների արտաքին շուկաներ արտահանման, ինչպես նաեւ տարանցիկ տրանսպորտային միջանցքների զարգացման համար»:

Որպես համագործակցության կարևոր ուղղություն է նշել անդամ պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը՝ տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտների ակտիվ զարգացման եւ միության թվային օրակարգի ամբողջական իրականացման նպատակով:

«ԵԱՏՄ «Թվային օրակարգը» պետք է դառնա միության կատարելագործման, դրա արդյունավետության ու գրավչության բարձրացման, վարչարարական, մաքսային և առևտրային խոչընդոտների վերացման հիմնական գործիքներից մեկը: «Թվային օրակարգի» իրագործման շրջանակներում անհրաժեշտ է խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանը և անդամ պետությունների տնտեսությունների ու քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները, ինչպիսիք են միության անդամ պետություններում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը, էլեկտրոնային աշխատանքային շուկայի և նմանատիպ այլ հարթակների ստեղծումը»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը. «Ապրանքների ու բեռների համար ժամանակակից հետագծելիության համակարգերի ներդրումը կստեղծի տեխնիկական հիմք այդպիսի ամրապնդման համար: Կարևոր է, որ այդ համակարգերը լինեն ժամանակակից ու տնտեսող, վերացնեն խոչընդոտները, այլ ոչ թե ստեղծեն դրանք: Հայաստանի համար, որը ոչ մի ընդհանուր սահման չունի ինտեգրացիոն միության հետ, թվային հետագծելիությունը կարող է երաշխիք լինել բոլոր չորս ազատությունների իրականացման համար` չստեղծելով լրացուցիչ խոչընդոտներ»:

Նա խոսել է նաև նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման անհրաժեշտության մասին՝ նկատելով, որ այն ապահովում է աշխատանքային գործունեություն իրականացնող անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաեւ անդամ երկրների զարգացմանը նպաստ բերած թոշակառուների իրավունքների արդյունավետ եւ արդարացի իրացումը:

Կարեւորել է նաև երրորդ երկրների եւ միությունների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը. «Իրանի եւ Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, եւ Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի եւ Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար»:

«ԵԱՏՄ ապրանքների արտաքին շուկաներ դուրս բերմանն ուղղված միասնական ջանքերը - տնտեսության բազմաթիվ ոլորտներում միության ինքնապահովման պայմաններում - աստիճանաբար դառնում են մեր տնտեսությունների հավասարակշռված աճի ապահովման հիմնական մարտահրավերներից մեկը: Այդպիսի ջանքերը կօգնեն եվրասիական արտադրողներին համատեղ դուրս գալ արտաքին շուկաներ եւ կնպաստեն միության ներսում կոոպերատիվ շղթաների առաջացմանը»- նշել է Ն. Փաշինյանը:

Նա համոզնունք է հայտնել, որ ինտեգրացիոն միավորման շրջանակներում հավասար համագործակցության զարգացումը, ի վերջո, կծառայի բիզնեսի և մարդկային ներուժի լիարժեք իրացման համար հարմարավետ միջավայր ստեղծելուն.

«Արդյունավետ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աջակցութան ակնկալիք ունեմ 2019 թ. Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում: Հույս ունեմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված եւ արդյունավետ միություն, որը ծառայում է մեր տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին»։

Այնուհետև ԵՏՀ կոլեգիայի անդամները Նիկոլ Փաշինյանին ուղղել են տարբեր հարցեր, որոնք վերաբերել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, ԵԱՏՄ զարգացմանը: