Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախը պատրաստվում է առաջիկա ընտրական գործընթացներին
2019-02-19 19:47:30

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախը  պատրաստվում է առաջիկա  ընտրական գործընթացներին: 2019-ի աշնանը տեղի կունենան տեղական ինքակառավարման  ընտրությունները,  իսկ հաջորդ տարին  նախագահական ընտրությունների տարի է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարվա առաջին նիստում  2019թի գործունեության  ծրագրին է  հաստատել, որը համահունչ է առաջիկայում սպասվող  այդ իրադարձություններին:

Մինչեւ արցախյան նախագահական ընտրություններ դեռ մի տարի կա, սակայն թեկնածուների շրջանակը արդեն իսկ ուրվագծվում է։ Ընդ որում, նման հավակնություն ունեցող պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մասնակցությունը ընտրություններին հնարավոր է  միայն սահմանադրական փոփոխության արդյունքում, եթե վերացվի  թեկնածուի 10 տարվա պարտադիր բնակության պայմանը: 

Սամվել Բաբայանի կողմնակիցները հայտարարել էին նման նախաձեռնությամբ հանդես գալու մասին, իսկ Արցախի 2017 թվականի Սահմանադրությունը  քաղաքացիներին Մայր օրենքը փոխելու նախաձեռնությամբ   հանդես գալու իրավունք վերապահել էր: Ընտրողների 10 տոկոսը համապատասխան դիմումով կարող են  դիմել Ազգային ժողով` սահմանադրական փոփոխությունների հարց բարձրացնելով:

Սահմանդրական այդ իրավունքն իրացնելու համար Արցախի «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն կա, միեւնույն ժամանակ սահմանադրության հետ   պետք է համապատասխանեցվի նաեւ  Ընտրական օրենսգիրքը: Այս երկու  օրենքները պետք է փոփոխվեն մինչեւ այս տարվա հոկտեմբեր:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքացիների՝ հանրաքվեի անցկացման նախաձեռնության  սահմանադրական իրավունքն իրացնելու ուղղված նաեւ քանի  նորմատիվ ակտեր է ընդունել: Խոսքը նախաձեռնող խմբերի կազմավորման, դրանց գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի մասին է:

Դրանց համաձայն,  քաղաքացիներին հնարավորություն է տրվում մինչեւ 10 հոգանոց նախաձեռնող խմբեր կազմել, ընդ որում՝ համապատասխան որոշումը պետք է նոտարական  վավերացում ունենա: Հենց այդ խմբերն էլ իրավունք կունենան ստորագրահավաք նախաձեռնել, բայց` ԿԸՀ նախագահը հստակեցնում է՝ ըստ համապատասխան կարգի. «Ստորագրահավաք չի նշանակում դռնեդուդ, մարդկանց անհանգսատցնելով: Նրանք՝նախաձեռնող խումբը համապատասխան տեղեկությամբ հանդես կգան, կհատկացվի կոնկրետ վայր, որտեղ եւ կիրականացվի ստորագրահավաքը»։  

Սահմանդրությունը փոխելու համար անհրաժեշտ կլինի ընտրողների 10 տոկոսի ստորագրությունը: Վերջին տվյալներով Արցախում 102 հազար 612 ընտրող կա:

Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ առայսօր որեւէ նախաձեռնող խումբ կենտրոնական ընտրական հանձնաժողով չի դիմել, բայց պետական մարմինը պարտավոր է պատրաստ լինել դրան:

0:00
0:00