ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Շաբաշները» չափելու մեխանիզմներն ու ՊԵԿ-ի զգուշացումները
2019-02-22 18:46:06

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

ՊԵԿ-ն այսօր նախաձեռնել էր աշխատանքային հանդիպում շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու այսպես ասած «երգիչ-երգչուհիներին» հարկելու նախագիծն ու քննարկելու դրան առնչվող հարցեր: Քննարկման համար նախատեսված սրահը լիքն է եղել, բայց լրագրողներով:

Իսկ երգիչների հատուկենտ ներկայացուցիչներ են մասնակցել: Վերջին շրջանում մեծ հնչեղություն ստացած այս հարցին ինչպե՞ս է արձագանքում շոու-բիզնեսը, ինչպե՞ս է ՊԵԿ-ը փորձում հստակություն մտցնել անչափելի թվացող այս ոլորտի հարկման մեխանիզմների մեջ:

Հանրության շրջանում «երգիչ-երգչուհիներին հարկելու» անունը ստացած նախագիծը իրենց՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից չի ընդունվել ոչ առանձնակի ոգեւորությամբ, ոչ էլ հետաքրքրությամբ: Վկայությունը սեփական եկամուտները հայտարարագրելու առայժմ նկատելի պասիվությունն է:

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները չեն շտապում ոչ հարկային մարմինների հետ կիսվել իրենց եկամուտներով ու ոչ էլ ծանոթանալ բազմաթիվ հարցեր առաջացրած հարցի մանրամասներին ՊԵԿ-ի կազմակերպած իրազեկման հանդիպումների ընթացքում էլ:

Բարեխիղճ հարկատու դառնալու պատրաստ են երգիչներ Ռազմիկ Ամյանն ու Մարտին Մկրտչյանը, որոնց պրոդյուսերը եկել է ՊԵԿ՝ պարզելու՝ ի՞նչ է իրենց սպասվում: Բայց, ասում է, առայժմ, հարցերը ոչ միայն սպառիչ պատասխան չեն ստացել, այլեւ նոր հարցեր են առաջ եկել:

«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում շտկումներ կլինեն նախագծում: Շատ հարցերի պատասխաններ իձն համար անհասկանալի են, կամ պատասխաններ ընդհանրապես չկան: Կարծում եմ՝ փորձի հետ, ժամանակի հետ ամեն ինչը կշտկվի»,- ասում է Արմեն Մովսիսյանը:

Կոռեկտ չէ ու հստակ էլ չէ հաշվել երգիչների եկամուտները, «շաբաշները» կամ քննարկել, թե նրանք ինչքան վճարվեցին Հայաստանում եւ Հայաստանից դուրս համերգներին, տարբեր միջոցառումներին երգելու համար՝ ասում է Ռազմիկ Ամյանի ու Մարտին Մկրտչյանի պրոդյուսերը: Հարկերից խուսափել չեն ուզում, բայց մյուս կողմից էլ Մովսիսյանի համար փոքր-ինչ անհասկանալի է՝ երգիչը ծախս է անում, դրսում Հայաստան  ներկայացնում, մրցանակների արժանանում եւ փոխանակ խրախուսվի՝ դեռ պետք է հա՞րկ վճարի:

« Դուրս է գալիս, որ մենք բոլորս լավ ենք զգում դրանից, բայց երբ նրան գումար են հատկացնում, միայն ինքն է հարկվում էլի դրանից»:

Ի՞նչ մեխանիզմով է պետեկամուտների կոմիտեն նախատեսում հարկել շոու-բիզնեսի ներկայացուցիչներին եւ վերահսկել հարկերից խուսափել-չխուսափելը, եթե կոմիտեում էլ շատ լավ պատկերացնում են, որ երգիչ-երգչուհիների իրական եկամուտները շատ հեշտ է թաքցնել, ամբողջությամբ չհայտարարագրել ու ըստ այդմ կամայաբար մուծել սահմանված եկամտային հարկը:

Սա այն ոլորտն է, որտեղ գործունեությունը չափման հստակ միավորներ՝ ժամեր, վարձատրության չափ, գործունեության կոնկրետ վայրեր չունի:

Ուստի հարկման միակ հստակ չափորոշիչն առայժմ ազնվությունն է՝ ավելի վաղ խոստովանել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:  «Իհարկե, կարող են թաքցնել: Այո, չենք կարող ամբողջությամբ վերահսկել: Ստացվում է, որ թողնում ենք իրենց խղճին, բայց հիշեցնեմ, որ ՊԵԿ-ն իրավապահ մարմին է ու տիրապետում է ողջ տեղեկատվությանը՝ օպերատիվ տվյալներին»:

Ստացվում է, որ այս դեպքում շատ հեշտ է հարկային մարմիններին եթե չասենք խաբել, ապա պարզապես հստակ չներկայացնել եկամտի իրական չափն ու խուսափել եկամտային հարկն ամբողջությամբ վճարելուց: Բայց ՊԵԿ-ում, այնուամենայնիվ, փորձում են հնարավորին չափ հստակեցնել հարկման մեխանիզմը: Կոմիտեի հարկերի եւ պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյան:

Եթե դիմացի կողմը՝ եկամտային հարկ վճարողը չի հանդիսանում հարկային գործակալ, տվյալ ֆիզիկական անձը պետք է ինքնուրույն հայտարարագրի իր եկամուտները:

Դրա համար պետք է մոտենա հարկային մարմին, հաշվառտվի, ստանա հարկ վճարողի հաշվառման համար, որից հետո ամեն տարվա համար՝ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնի տարեկան հայտարարագիրն ու վճարի հարկերը:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչ, երաժիշտ, հանդիսավար, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում բարեխղճորեն՝ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

Երգիչներին ՀԴՄ-սարքերով աշխատել չեն պարտադրում, առայժմ հորդորում են ու սպասում հարկերից չխուսափելու ազնվության, բայց նաեւ տեղեկացնում՝ աստիճանաբար սկսելու են վարչարարական բոլոր գործիքներով ճշտել՝ արդյո՞ք հայտարարագրել են իրենց եկամուտն ամբողջությամբ ու ըստ այդմ քայլեր ձեռնարկել:

Սա սպառնալիք չէ՝ ասում է Դավիթ Անանյանը, ուղղակի պետք չէ մոռանալ, որ ՊԵԿ-ն նաեւ իրավապահ մարմին է, իսկ Հայաստանին հարկային եկամուտներ են պետք:

0:00
0:00