ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ուսուցիչների դժգոհություններն ու պատկան մարմինների արձագանքը
2019-02-22 19:16:55

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ուսուցիչն այսօր արհամարհված է, նրա աշխատանքը չի գնահատում ո՛չ պետությունը, ո՛չ էլ հասարակությունը: Մի քանի ուսուցիչներն այսօր իրենց բողոքն են ներկայացրել եւ պահանջել աշխատավարձերի բարձրացում, դասարաններում աշակերտների թվի կրճատում։ Դպրոցներում դասարանների համակազմի բեռնաթափում, ուսուցչի աշխատավարձերի և ծանրաբեռնվածության վերանայում: Սրանք են ուսուցիչների այսօրվա պահանջները:

Անընդհատ խոսվում է աշակերտների իրավունքներից և ուսուցիչների պարտականություններից, սակայն 2008 թվականից ուսուցիչների աշխատավարձերը չեն բարձրացել։

Թիվ 196 հիմնական դպրոցի ուսուցիչ Սուսաննա Վարդանյանը մեծ ակնկալիքներ ուներ, որ հեղափոխության շունչը կզգան նաև դպրոցում, սակայն սպասումներն ապարդյուն են՝ ասում է: Կրթության և գիտության նախարարի ու վարչապետի խոսքից հասկացել է, որ առաջիկայում փոփոխություն սպասել պետք չէ: Ուսուցչի կողմից բարձրացվող ցանկացած հարցի պատասխանն է՝ բյուջեում փող չկա, ասում է:

«Ուսուցիչների այն հարցին, թե ինչպես է, որ պետական աշխատողների աշխատավարձերը բարձրանում են, իսկ ուսուցչինը՝ ոչ, պատասխանը հետևյալն է: Ուսուցիչները շատ են»:

Կրթության և գիտության նախարարության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզան Մակյանի խոսքով՝ աշխատավարձերի խնդիրը նախարարության առաջնահերթություններից է: Գերատեսչությունը քննարկում է աշխատավարձերի բարձրացման հնարավոր ուղիները: Սակայն խոսքը ֆինանսական լուրջ ներդրումների և բյուջետային հատկացումների մասին է, ասում է:

«Երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի քննարկենք, հասկանանք, ներդրումների աղբյուրը գտնենք, որ կարողանանք այդպիսի բարձրացում ունենալ, որն էականորեն ազդեցություն կունենա ուսուցչի աշխատավարձի վրա և իրենց համար տեսանելի կլինի» :

Նոր իշխանությունն ընտրել է ուսուցչի աշխատավարձը բարձրացնելու իր ճանապարհը՝ օպտիմալացում: Սակայն օպտիմալացմամբ աշխատավարձ բարձրացնելով և ուսուցչին ծանրաբեռնելով չենք կարող ապահովել կրթության որակ՝ նշեցին ուսուցիչները:

«Ծանրաբեռնված ուսուցիչն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող ապահովել կրթության որակ: Այն ճանապարհը, որն ընտրել են մեր պետական այրերը, ուսուցչի չնչին աշխատավարձ բարձրացնելու, տանում է մեզ դեպի կործանում: Կրթության պատասխանատուները չեն պատկերացնում հանրակրթության ոլորտը»:

Նախարարությունը թեև կանգնած է խնդիրների առաջ, սակայն վչի նշանակում, որ հարցն օրակարգից հանված է: Իսկ հարցին լուծումներ են տրվելու առանց օպտիմալացման՝ վստահեցրեց պաշտոնյան:

«Այս պահին ԿԳՆ-ում ուսուցիչների օպտիմալացման հարց չի քննարկվում»:

Կրթության որակի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները:

«Շատ տալիս են, պահանջում են քիչ տալու դիմաց: Դպրոցը չի տալիս էն ուսուցումը»:

Ուսուցիչներն էլ իրենց հերթին դժգոհում են դժգոհող ծնողներից: Ուսուցիչը չի կարող 35 հոգանոց դասարանում, որտեղ կա 5-6 վարքագծային շեղում ունեցող աշակերտ, տալ որակյալ կրթություն: Դրա համար առաջարկում են դասարանների բեռնաթափում:

Ուսուցչուհի Լուսինե Գասպարյանն իր հերթին դժգոհում է ուսուցիչներին ատեստավորելու գաղափարից: Այդտեղ հարցականի տակ է դրվում ուսուցչի գիտելիքը՝ նշում է: Ուսուցիչը դպրոց է մտնում բուհն ավարտելուց հետո: Միգուցե անհրաժեշտ է առաջնահերթորեն ատեստավորել բուհի դասախոսներին՝ նշում է ուսուցչուհին: Դեմ չեն ատեստավորմանը, սակայն ի՞նչ հանձնախումբ է անցկացնելու ատեստավորումը:

«Թող բոլորի աշխատավարձերը բարձրացնեն, այնուհետև մշակեն գործիքակազմ դպրոցը վատ մասնագետից մաքրելու»:

Հանրակրթության մասին օրենքի պահանջով ամեն տարի ուսուցիչների 20 տոկոսն ատեստավորվում է: Ստացվում է, որ տարեկան շուրջ 7000 ուսուցիչ ատեստավորվում է և վերապատրաստվում: Գործընթացը 5 տարի պարբերականությամբ կրկնվում է յուրաքանչյուր ուսուցչի համար: Սակայն կան ատեստավորման նոր մոտեցումներ և ծրագրեր: Դա չի ենթադրելու այն պարզ փաստաթղթային եղանակը, որը եղել է մինչև հիմա: Լինելու է ավելի արդյունքահեն՝ ասում է ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետը:

«Նախարարությունում քննարկման արդյունքում հիմա մենք հանրակրթության մասին օրենքում փոփոխություն ենք առաջարկելու ԱԺ, որտեղ այս տարվա ընթացում կասեցնելու ենք ատեստավորման և վերապատրաստման գործընթացը: Դրան կանդրադառնանք հաջորդ տարի , եթե ունենանք համապատասխան հաստատված ծրագիրը: Այս տարվա ընթացքում ատեստավորում և վերապատրաստում չենք ունենալու»:

Ուսուցչի դերը չի գնահատվում հասարակության մեջ, պետության և ԶԼՄ -ների կողմից: Մանկավարժները նույնիսկ մեղադրեցին մեդիադաշտին՝ ուսուցչից բամբասելու համար եւ խորհուրդ տվեցին աշխատել ուսուցչի վարկը բարձրացնելու ուղղությամբ, այլ ոչ թե թիրախավորել ու խոսել դպրոցի միայն բացերի մասին:

0:00
0:00