Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անջեյ Ստասյուկի ճանապարհները
2019-03-01 13:30:40

Մարկ Գրիգորյան
Հանրային ռադիո

Անջեյ Ստասյուկը Լեհաստանի ամենահայտնի ու հանրաճանաչ գրողներից է։ Բազմաթիվ մրցանակների` այդ թվում Եվրոպական գրական մրցանակի եւ լեհական «Նիկե» մրցանակի դափնեկիր է։ Նրա գրքերը թարգմանվել են եվրոպական գրեթե բոլոր լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։

Երբ հայ խոշորագույն հրատարակիչներից մեկին հարցրի՝ նախատեսո՞ւմ է արդյոք հայերենով հրատարակել Ստասյուկի գրքերը, նա ափսոսանքով նշեց, որ երկրում լեհերենից թարգմանիչների խնդիր կա, իսկ Ստասյուկին գիտի եւ շատ կցանկանար հրատարակել։


Ստասյուկը
գրում է արձակ, չափածո, հայտնի է նաեւ որպես դրամատուրգ եւ գրաքննադատ։ Սակայն նրան ամենաշատ ճանաչում բերել են իր ճանապարհորդությունների մասին պատմող գրքերը, ճանապարհորդություններ, որ նա կատարել է մեքենայով, գնացքով եւ ավտոբուսով, տաքսիով, անգամ, կարծես, սայլերովԻսկ ճանապարհորդի հետ հետաքրքիր է զրուցել, իմանալ,  թե ի՞նչն է դրդում նրան ճամփորդելու, ի՞նչ է փնտրում՝ շրջելով աշխարհով եւ վերջապես, թե ի՞նչ է տեսնել։

Նրա հետ ծանոթանալու և հարցազրույց անցկացնելու համար ես արթնացա անսովոր վաղ, առավոտյան ժամը 6-ին Վարշավայում արդեն նստեցի գնացք եւ ճանապարհ ընկա դեպի Օպոլե փոքրիկ քաղաք, որտեղ Ստասյուկը պետք է հանդիպեր երիտասարդների հետ, ինչից հետո էլ տեղի ունեցավ մեր զրույցը։

 

Փոքրիկ Կովկասը

Բեմ բարձրացավ հիսունութամյա մի տղամարդ՝ սվիտերով, զվարթ նայեց լեփ-լեցուն դահլիճին եւ ասաց. «Իսկ որտե՞ղ են ծափերը»։ Դահլիճն անմիջապես արձագանքեց։

Տեսանելի էր, որ ընթերցողների հետ հանդիպումը «ծերացող պլեյբոյի» նմանվող Ստասյուկի համար նորություն չէ։ Նա բարձրահասակ է, անբռնազբոս, հանգիստ. Ստասյուկը խոսում էր վստահ, հաճույքով, երբեմն «թունդ բառեր» օգտագործելով։ Եվ երևում էր, որ դա դուր էր գալիս ե'ւ իրեն, ե'ւ լսարանի աղջիկներին։ Տղաները հայհոյանքին ավելի թույլ էին արձագանքում։

Սակայն, երբ հանդիպումից հետո նստեցինք մեր համար առանձնացված սենյակում՝ փոքրիկ սեղանի մոտ, Ստասյուկը փոխվեց։ Իմ առջեւ խոհուն զրուցակից էր, գրող։ Աչքերը լրջացան, իսկ դիմագծերը կարծես սրվեցին։

Զրույցն ընթացավ երկու լեզվով։ Ես հարցնում էի ռուսերեն, իսկ Անջեյ Սասյուկը պատասխանում լեհերեն։ Թարգմանում էր Ադամ Միցկեւիչի ինստիտուտի աշխատակից Եվգենի Կլիմակինը։

Երկխոսություն սկսելու համար շատ լավ թեմա կար: Բանն այն է, որ երիտասարդ տարիներին Ստասյուկը փորձել էր զբաղվել ռոք-երաժշտությամբ, իսկ մի քանի ամիս առաջ ձայնագրել էր Միցկեւիչի «Ղրիմյան սոնետները»: Հարցրի. «Անո՞ւմ եք այն, ինչ չհաջողվեց անել այն ժամանակ»:

 

 

«Այո, - պատասխանեց Անջեյ Ստասյուկը.- ուկրաինական «Հայդամակի» խմբի շնորհիվ դա ինձ հաջողվեց հիմա, երբ արդեն երիտասարդ չեմ: Ռոքեր դառնալու համար տաղանդ է պետք, համբերություն, երաժշտությամբ պետք է զբաղվել անընդհատ… Խոստովանեմ՝ երաժշտությունը միշտ ինձ համար կարևոր է եղել: Երաժշտության և գրականության մեջ կա ռիթմ և մեղեդի, իսկ դա ինձ հետաքրքրում է: Առանց այդ երաժշտական մտածողության չի կարելի գրել ո'չ արձակ, ո'չ չափածո:

Մինչեւ Ստասյուկի հետ հանդիպելը կարդացել էի նրա մի քանի գրքերը։ Նկատել էի, որ իր ճանապարհորդություններում հասել էր մինչեւ Մոնղոլիա, սակայն Կովկասում, կարծես, չէր եղել։ Հարցրի, ինչո՞ւ մինչեւ հիմա Կովկաս չի այցելել։

«Տափաստաններով եւ անապատներով ճանապարհորդելուց հետո, – սկսեց Անջեյ Ստասյուկը, – մինչեւ Հեռավոր Արեւելք հասնելուց հետո Կովկասն ինձ փոքր է թվում։ Այնտեղ նեղ է։ Դե եւ, այդ անվերջանալի կենացներըԽմելու համար, պետք է սպասես, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան ասի։ Իսկ նրանք երկար են խոսում։ Ինչո՞ւ չի կարելի միանգամից խմել։ Ինչո՞ւ պետք է սպասել, մինչեւ թամադան արտահայտվի։ Դրանից բացի, ես չեմ սիրում շեշտված հյուրընկալությունը, որի պատանդն ես դառնում։ Ես դա չեմ հանդուրժում։

 

Գավառականությունը մարդու մտածողության մեջ է

Ես չսկսեցի բացատրել կովկասյան խնջույքի մշակութային առանձնահատկությունները եւ ավանդույթների մանրամասները։ Դրա փոխարեն գերադասեցի զրույցը տեղափոխել այլ թեմայի եւ հարցրի. «Ձեզ համար որտե՞ղ է ավարտվում Եվրոպան»։

Գրողը ծիծաղեց, հետո լրջացավ, դադար վերցրեցԵվ մեր զրույցն սկսվեց։

Անջեյ Ստասյուկ. Չգիտեմ։ Իրոք, չգիտեմ։ Ես շատ են մտածել դրա մասին։ ՉգիտեմԵրբեմն թվում է, որ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ սահմանն անցնում է լեհական Վիսլա գետով։ Ու, քանի որ ծնվել եմ Վիսլայի արեւեյան կողմում, ստացվում է, որ Ասիայում եմ ծնվել։ Եվ ընդհանրապես, սա շատ անհատական է։ Երբ ճանապարհորդում եմ Գերմանիայում, ինձ ռուս եմ զգում, երբ գնում եմ Ռուսաստան, թվում է՝ ես գերմանացի եմ։

Ինձ դուր է գալիս Եվրոպայի այն մասը, որտեղ այն աննկատ վերածվում է Արեւելքի։ Ընդ որում՝ չի կարելի որսալ այն պահը, երբ մայրցամաքը ռուսական կամ անգամ թաթարական երանգներ է ստանում։ Դա շատ հետաքրքիր է։ Արեւմտյան կողմում ամեն ինչ հասկանալի է։ Այնտեղ Եվրոպան ավարտվում է ծովով, եւ ոչ մի հետաքրքիր բան չկա։ Իսկ Արեւելքում, որտեղից մենք բոլորս եկել ենք, այնտեղ հետաքրքիր է։

Մարկ Գրիգորյան. Այս հետաքրքրությունն ինձ հասկանալի է։ Լոնդոնում ապրած տարիներիս, երբ արձակուրդներն սկսվում էին, ես միշտ մտածել եմ՝ ինչպես գնալ Կենտրոնական Ասիա։ Կամ էլ, ծայրահեղ դեպքում, Վրաստան կամ Մոլդովա։ Իսկ գործընկերներս թռչում էին Մայորկա, Ջիբրալթար կամ Մարոկկո կամ էլ Կարիբյան ծովի կղզիներ։ Իսկ ինձ ձգում էր Ղրղզստանը

Ա. Ս. Բիշքեկն իմ սիրած քաղաքներից է։ Օշը նույնպես։ Ես Ղրղզստանում եղել եմ 2 կամ 3 անգամ

Մ. Գ. Չեմ ուզում հարցս կապել Ղրղզստանի հետ, բայց ձեր՝ «Իմ Եվրոպան» էսսեում կա արտահայտություն՝ «աշխարհի ծայրամաս»։ Ի՞նչ է դա նշանակում։

Ա. Ս. Կարծում եմ՝ ծայրամասը պետք է փնտրել մարդու գիտակցության մեջ։ Ծայրամասային կարելի է անվանել մարդու, որն ապրում է Փարիզում կամ էլ Նյու Յորքի կենտրոնում։ Մտավոր գավառականության պատճառով մարդիկ ապրում են միայն իրենց համար։ Թեեւ ինձ համար աշխարհագրական գավառականությունն ավելի հետաքրքիր է, քան՝ մտավորը։ Եթե առարկաներին հեռվից նայես, մեծ հեռավորության վրա՝ դրանք ավելի լավ են երեւում։ Ես տարիներ առաջ հենց այնպես չեմ տեղափոխվել Լեհաստանի ծայրամաս, լեհական աշխարհի սահմանին։ Իմ գյուղում՝ Վոլովեցում, անգամ բջջային կապ չկա։


Ճանապարհն է նպատակը

Ես, Մարկ Գրիգորյանս, սիրում եմ ճանապարհորդել։ Սիրում եմ նայել մեքենայի կամ գնացքի լուսամուտից՝ ինչպես է փոխվում բնապատկերը, սիրում եմ մտածել՝ ինչով է այն տարբերվում հայկական բնապատկերներից, ինչով են դրանք նման միմյանց։ Ինձ դուր է գալիս գալ նոր քաղաք, հաճույքով եմ քայլում անծանոթ քաղաքների փողոցներով, ինձ դուր է գալիս շնչել այդտեղի օդը, նայել մարդկանց դեմքերին։

Ճանապարհորդությունները ինչ-որ բան են ավելացնում աշխարհի՝ իմ ընկալումներում, իմ անձի մեջ։ Հարստանում եմ, անգամ եթե գնում եմ մի քաղաք, որտեղ քանիցս եղել եմ, որտեղ ապրում են իմ բարեկամները։

Դրա համար հետաքրքիր էր խոսել Անջեյ Ստասյուկի հետ, որ կարողացել է իր ճանապարհորդությունները վերացել գրականության, համատեղել է հոբբին եւ մասնագիտությունը։ Եվ դրա համար հարցնում եմ՝ ի՞նչն է ուղեւորություններում կարեւորը, ի՞նչ է նպատակը։

Ա. Ս. Ճանապարհը՝ հենց դա է իմ նպատակը։

Մ. Գ. Իսկ ճանապարհը ձեզ ի՞նչ է տալիս։

Ա. Ս. Ուժեղ ապրումներ։ Իրականում ես սիրում եմ ճամփորդել, ինձ դուր է գալիս ճանապարհը, սակայն դժվար է ձեւակերպել, թե ինչ է այն ինձ տալիս։ Ցանկացած ճանապարհ հետաքրքիր է։ Այս հարցազրույցից հետո կգնամ գյուղ։ Իսկ դա մոտ 300 կիլոմետր ճանապարհ է։ Եվ ճանապարհը դեպի տուն նույնպես կլինի աներեւակայելի հետաքրքիր, լինելու են արկածներ, տարածության հաղթահարում։ Դա, ինչպես սերը, անհնար է նկարագրել։

Մ. Գ. Եթե հավատանք ձեր գրքերին, ճանապարհորդությունների մեջ ձեզ համար առաջին հերթին կարևոր է հենց ձեր մեջ ինչ-որ բան գտնելը, քան այն տեղերը, որտեղ այցելում եք։

Ա. Ս. Ճիշտ է։ Երբ ճանապարհորդում եմ, ինձ ոչ այնքան իմ դիտած աշխարհն է հետաքրքրում, որքան այն, թե ինչպես է այն ազդում ինձ վրա, ինչ է լինում իմ գիտակցության հետ։ Ինձ չի հետաքրքրում իրականության օբյեկտիվ պատկերը։ Ինձ հետաքրքրում է, թե ինչպես է աշխարհը ազդում իմ հոգու, մտքի, սրտի վրա։ Դա է ճամփորդության մեջ ամենահմայիչը։ Եվ աշխարհն ինձ փոխում է։ Ինչպե՞ս։ Ամեն անգամ ես մեկնում եմ, որպեսզի այլ մարդ վերադառնամ։

 

Ճանապարհի զգացողությունը   

Ճանապարհորդությունները չեն կարող անվերջ լինել։ Հատկապես, երբ խոսքը գրողի մասին է։ Չէ՞ որ իրական գրականություն ստեղծելու համար պետք է նստել տանը, շատ կարդալ եւ, իհարկե, գրել եւ ջնջել, նորից գրել եւ նորից ջնջել։ Եվ Անջեյ Ստասյուկը ճանապարհորդոթյուններից բացի հայտնի է նրանով, որ տուն է գնել լեռնային Վոլովեց գյուղում, որտեղ եւ ապրում է։ Եվ հենց այն տանն էլ նա գրում է։

Ա. Ս. Ես շատ նստակյաց կյանք եմ վարում։ Անվերջ ճանապարհորդելը միայն իմ գրքերում է, իսկ ավելի շատ ժամանակ անցկացնում եմ Վոլովեցում։ Ես սիրում եմ այս տեղը, անփոփոխ բնապատկերները, սիրում եմ արթնանալ բնության անշարժ դեկորացիաներում։ Գիտեք, կարծես իմ մեջ երկու մարդ է ապրում։ Կտոր-կտոր եմ լինում հեռավոր ճանապարհորդությունների եւ գյուղական խաղաղ կյանքի միջեւ։

Մ. Գ. Նկատել եմ, որ ձեր գրքերում հատուկ տեղ են զբաղեցնում աշխարհագրական քարտեզները։ Ընդ որում՝ դրանք միշտ մաշված են, երբեմն անգամ ծալքերում պատռված։ Ձեզ համար ի՞նչ են այդ քարտեզները։

Ա. Ս. Տանը հարյուրավոր քարտեզներ ունեմ։ Մի քանի արկղ։ Մի ժամանակ դրանք հավաքել եմ, տուն բերել յուրաքանչյուր ճանապարհորդությունից։ Եվ այո, ճիշտ նկատեցիք, ամենից շատ սիրում եմ հին, մաշված քարտեզներ՝ մաշված քամիներից, անձեւներից, քարտեզներ, որոնք օգտագործվել են։ Քարտեզներ, որոնց վրա ճանապարհորդությունների հետքեր են։ Ինձ համար  դրանք գրքերի նման են։ Ժամերով կարող եմ դրանք զննել։ Դրանց օգնությամբ կարդում եմ աշխարհը, տեսնում տարածությունը եւ փորձում հասկանալ այն։

Մ. Գ. Դուք ճանապարհորդում եք տարածության մեջ, այցելում տարբեր քաղաքներ ու երկրներ։ Բայց չէ՞ որ դրանք նաև ճանապարհորդություններ են ժամանակի մեջ։

Ա. Ս. Շատ ճիշտ եք։ Ուղեւորությունների շնորհիվ՝ օրինակ դեպի Մոնդոլիա, վերադառնում եմ այն ժամանակները, երբ մարդը դեռ չկար։ Վերադառնում եմ հնագույն ժամանակներ, աշխարհ, որ մարդկային աչքը դեռ չի տեսել։ Չէ, իհարկե հասկանում եմ, որ դա գրական ինքնախաբերություն է, բայց այդպես եմ պատկերացնում։

Մ. Գ. Դուք ունեք «տարածություն առանց պատմության» արտահայտություն։ Ի՞նչ նկատի ունեք։

Ա. Ս. Դա իհարկե խաբեություն է, որ Երկիր մոլորակի վրա կա տարածություն, որտեղ պատմությունը հետք չի թողել։ Պատմությունն իր հետքը թողել է ամենուր։ Սակայն եվրոպացու համար արեւելյան տարածությունները մի ողջ տիեզերք են։

Մենք դրանք տեսնում ենք եվրոպական մեր նեղվածքին, պատմական ժամանակների եւ դարաշրջանների դասավորությանը վարժվելուց հետո։ Այստեղ, Եվրոպայում, ամեն ինչ սեղմված է, դրա համար սիրում եմ ճանապարհորդել Արեւելքում։ Երբեմն թվում է, որ այնտեղ պատմությունը գտնվում է նոսրացված վիճակում։ Այն վերեւում է` բարակ շերտով։ Իսկ Եվրոպայում ես հոգնում եմ տարածքից, քաղաքակրթությունից, նեղվածքից։

Երկրները, որտեղ ես այցելում եմ, իհարկե ունեն իրենց պատմությունը։ Սակայն ինձ համար դա այնքան էլ տպավորիչ, ցայտուն, նկատելի չէ։ Ահա, օրինակ, գնում եմ Մոնղոլիայով եւ տեսնում Չինգիզխանի ժամանակները։ Այո, յուրտաների (միջինասիական վրանատիպ կացարան) վրա արդեն տեղադրվել են արեւային մարտկոցներ, գյուղական որոշ բնակիչներ շրջում են մոտոցիկլետներով, սակայն կյանքի ոճն այնտեղ շատ չի փոխվել։ Դե, իսկ Չինգիզխանի ժամանակներին գումարվել է կոմունիստական սարսափելի դարաշրջանը։ 

Մ. Գ. Այսինքն՝ ստացվում է, որ այսօրը եւ պատմությունը տարբե՞ր կերպ են փոխկապակցվում իրար հետ, տարբեր վայրերում։

Ա. Ս. Կարծում եմ՝ այո։ Արեւմուտքում անցյալն ավելի պակաս կշիռ ունի։ Որքան շատ դեպի արեւելք, այնքան պատմությունն ու անցյալն ավելի մեծ նշանակություն են ստանում։ Օրինակ՝ գնում եմ ղազախ տաքսիստի հետ, իսկ նա արդեն երկրորդ նախադասությամբ պատմում է, որ իր նախնիները Ոսկե հորդայից են։

 

Շները պատի տակ

Եվ ընդհանրապես, ՂազախստանՊակերացրեք՝ երեք հազար կիլոմետր գնում ես բացարձակ հարթ մակերեսով։ Դա ցնցող փորձ է։ Հենց նման տեղում ես հասկանում, թե ինչ է տարածությունը։ Ավազ ու քամի, ավազ ու քամի

Եվ գլխավորը՝ այնտեղ ստվեր չկա։ Մոնղոլիայի հարավում եւս ստվեր չկա։ Այնտեղ ստվեր կարելի է գտնել, միայն եթե ինչ-որ տեղ պատ կա։ Դե, կարելի է նաեւ պառկել մեքենայի տակ։ Հենց այդպես գնում, գնում, գնում ես ու հանկարծ` ծառ։ Խաչակնքվում ես եւ ասում՝ «Վերջապես մի ծառ»։

Սա է հենց այն անհավատալի զգացողությունը, ապրումը, փորձը, որ հնարավոր է ստանալ ճանապարհորդությունների շնորհիվ։ Պամիրում իմ սիրած պատկերն էր սարսափելի կիզիչ արեւը՝ ծովի մակերեսից 4000 մետր բարձրության վրա։ Եվ այնտեղ արեւի այս ճառագայթներից ստվերում պատսպարված շներ։ Նրանք պառկած էին պատի տակ։ Իսկ արեւը ավելի ու ավելի էր բարձրանում, ստվերը դառնում էր ավելի ու ավելի կարճ։ Եվ երբ ստվերը բոլորովին փոքրանում է, ապա շները սեղմում են թաթերը, որ մնան ստվերում։ Ժամանակի ընթացքում պատի ստվերը դառնում է բարակ շերտ, որտեղ նրանք պետք է տեղավորվեն։

Գիտե՞ք՝ ես աշխարհով մեկ ճանապարհորդում եմ, որ նման բաներ տեսնեմ։ Եվ թող շատերը ուղեւորվեն դեպի Վենետիկ։ Ես նրանցից եմ, որ գնում է Մուրգաբ՝ շներ տեսնելու։

 

Տեղ, որտեղից երեւում են լեռները  

Մ. Գ. Այնպիսի զգացողություն ունեմ, որ դուք շատ հետկոմունիստական գրող եք։ Եվ, երբ կարդում եմ ձեր գրքերը, տեսնում եմ մի այսպիսի կերպար. Խորհրդային Միության գոյության վերջին տարիներն են, մերձմոսկովյան ինչ-որ տեղ է՝ ավտոբուսի վերջին կանգառը, որտեղ տարօրինակ անհարմար է, որտեղ ինչ-որ կրպակներ են, իսկ դրանց կողքին վառվում է միայնակ լապտերը։ Ո՞վ է կրպակների հետեւի մթի մեջ թաքնվում՝ չգիտեմ

Ա. Ս. Ի՞նչ եք ասումԴա ուղղակի կյանքն է, իսկ կրպակների հետեւում ոչ մի սարսափելի եւ անհույս բան չկա։ Եվ ընդհանրապես՝ մեր կյանքը նման կրպակներից է կազմված։

Դուք ճիշտ եք, որ ինձ հետկոմունիստական գրող եք համարում։ Չեմ կարող ջնջել 30 տարին, որն ապրել եմ սոցիալիստական Լեհաստանում։ Այժմ ընդունված է ձեւացնել, որ այդ շրջանը չի եղել։ Սակայն ես ապրել եմ այդ ժամանակներում։ Այո, դրանք վատ ժամանակներ էին, սակայն դա իմ ժամանակն էր։

Ես հետկոմունիստական գրող եմ եւ դրա համար կաթիլ անգամ չեմ ամաչում։ Կարծում եմ, որ անձամբ ինձ հարստացնում է կոմունիստական, տոտալիտար սահմաններում կյանքի փորձը։ Այն ինձ ավելի իմաստուն է դարձրել։

Լինում է՝ անլուրջ եմ վերաբերվում Արեւմուտքի մարդկանց։ Նրանք գիտեն միայն մեկ իրականություն, իսկ ես գիտեմ՝ երկուսը։ Որոշ ապրումներ նրանց օտար են, օրինակ` նույն այդ կրպակները, որոնց մասին խոսեցիք։ Այո, մեր կյանքը առաջին հերթին կազմված է նման շինություններից, այլ ոչ թե փարիզներից ու լոնդոններից։ Ցանկացած ճանապարհի վերջում կա կրպակ։

Մ. Գ. Ինչպե՞ս եք վերաբերվում այդ կրպակներին։

Ա. Ս. Էպիկական։ Դա աշխարհի վերջի, իրականության վերջի նկարն է։ Սակայն ամեն մի կրպակի հետեւում կա այլ աշխարհ, որտեղ ապրում են այլ մարդիկ, կա եւս մեկը՝ հերթական կրպակը թեեւ կարող է թվալ, թե արդեն հայտնվել ես աշխարհի ամենավերջում։

Մի անգամ եղել եմ Լոնդոնում եւ չորս անգա Ալթայի Կոշ Ագաչ գյուղում։ Լոնդոն այլեւս չեմ ուզում, իսկ Կոշ Ագաչ՝ կվերադառնայի։ Կարոտում եմ այդ տեղին։ Կարոտում եմ Ռուսաստանի եւ Մոնղոլիայի սահմանի անապատին։ Ուզում եմ, որ իմ սիրտն այնտեղ թաղեն։ Երբ պատկերացնում եմ այդ  տեղը, սիրտս պայթում է։ Մտքումս կա 5- 6 տեղ, որտեղ կցանկանայի թաղվել։

Մ. Գ. Անապատներն ու ճանապարհները ձեզ համար էներգիա պարունակո՞ւմ են։

Ա. Ս. Էներգիան իմ մեջ է։ ԴեռՍակայն դուք ճիշտ եք։ Լռության եւ ամայության մեջ մեծ էներգիա կա։ Դրանք միանգամայն մետաֆիզիկական ապրումներ են։  

Այդ ամայության մեջ կարող ենք զգալ Աստծո գոյությունը։ Վարշավայում դժվար է զգալ Նրա հպումը, իսկ այնտեղ զգում եմ։ Թեեւ դա առանձին մարդու հարց է, այլ ոչ թե ամբողջ աշխարհինը։ Չեմ ընդհանրացնում։ Կան շատ մարդիկ, որոնք իրենց հիանալի են զգում Վարշավայում։

Մ. Գ. Աստծուն հպվելու զգացողությունը ես ունենում եմ լեռներում։

Ա. Ս. Հենց դրա համար էլ լեռներում եմ ապրում։ Ճիշտ է, ոչ այնքան բարձր, որքան Կովկասում։ Նկատել եմ, որ լեռնային բնապատկերները դրական են ինձ վրա ազդում։ Կյանքը բնապատկերում ինձ համար շատ կարեւոր է։ Այնտեղ էներգիա կա, որ ուժ է տալիս։ Քաղաքում այդ խնդիրն ունեմ։ Ինձ ազատ տարածություն է պետք։ Տեղ, որտեղ պատուհանից ոչինչ չի երեւում՝ բացի լեռներից։

 

Հարցազրույցը պատրաստվել է Հայաստանի հանրային ռադիոյի և լեհական Ադամ Միցկեվիչի ինստիտուտի համատեղ նախագծի շրջանակներում:

Լուսանկարները` Եվգենի Կլիմակինի և Մարկ Գրիգորյանի