ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սպասում ենք ՀՀ պատմության լավագույն ընտրություններին․ Սվիտալսկի
2018-11-14 09:19:53

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է և ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևությունը, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ` զարգացնելու երկկողմ գործընկերությունը և ներքին բարեփոխումները մեր երկրում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը և վերը նշված ուղղություններով բարեփոխումները կառավարության համար համարվում են առաջնահերթություն:

Անդրադառնալով առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք կարևոր նշանակություն կունենան մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման համար:

«Նոր խորհրդարանը և կառավարությունը կառուցված կլինեն հանրային լայն աջակցության և վստահության վրա, ինչը կօգնի ավարտին հասցնել թավշյա հեղափոխությունից սկսած գործընթացը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Արցախի ժողովրդի կարիքներին ու ձգտումներին առավել մոտիկից ծանոթանալու կարևորությունը: Նա ուշադրություն է հրավիրել ԵՄ հետ կնքվող փաստաթղթերում համաձայնեցված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ ձևակերպումների կիրառման անհրաժեշտության վրա, ինչպես նաև կարևորել տարածաշրջանը ռազմական էսկալացիայից և սադրանքներից զերծ պահելու ուղղությամբ Եվրոպական միության հետևողական ջանքերը:

Պյոտր Սվիտալսկին ընդգծել է Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունների փաստը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր արդյունք կապահովեն Հայաստանի ժողովրդի համար:

Պյոտր Սվիտալսկին կարևորել և ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում նպատակային ու հետևողական ծրագրերի իրականացումը, կառավարման համակարգի արդիականացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում քայլերն ու ընդգծել, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը հայաստանյան գործընկերներին:

Դեսպանը համոզմունք է հայտնել, որ ԵՄ օժանդակությամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցնեն ազատ, արդար, թափանցիկ: «Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին»,- ընդգծել է Պյոտր Սվիտալսկին: