ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքապետարանը գիտի իրեն ինչ է անհրաժեշտ. Հայկ Մարության
2019-03-19 18:36:13

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Կանաչապատման համար այս տարվա բյուջեն կրճատվել է մոտ 576 մլն դրամով` 1 մլրդ 669 մլն-ից դառնալով 1 մլրդ 93 մլն դրամ: Քաղաքային իշխանությունը բյուջեի քննարկումների ժամանակ վստահեցնում էր, որ կրճատումը ոչ թե կանաչ տարածքների նվազեցման  հաշվին  է, այլ՝ իրատեսական հաշվարկների:

Ըստ նոր իշխանությունների՝ նախկինում նման տարածքները  գերագնահատել են: Սակայն քաղաքապետի  վերջին որոշումներից մեկով կանաչապատման գումարները 34 մլն դրամով ավելացել են:

Դեռևս 2019 թվականի քաղաքային բյուջեի քննարկումների ժամանակ «Լույս» խմբակցությունը իշխող ուժին  պարբերաբար քննադատում էր՝ հանրությանը հուզող մի  շարք խնդիրների համար հատկացվող  գումարների կրճատելու, փոխարենը պարգևատրումների, դրամական խրախուսումների, արտասահմանյան գործուղումների և  աշխատակազմի մասնագիտական  զարգացման ծառայություններին հատկացվող գումարների ավելացնելու համար:  

«Լույս» խմբակցությունը կանաչապատման բյուջեն մոտ 576 մլն դրամով  կրճատելը  և քաղաքապետարանի աշխատակազմի  վերապատրաստման  բյուջեն ավելացնելը  դրական չէր համարում, կարծում էր, որ  վատ ուղերձ է հանրությանը: Սակայն 2019 թվականին  քաղաքապետի որոշմամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի վերապատրաստման բյուջեից 34 մլն դրամ տրամադրվել է կանաչապատմանը: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը  հետաքրքրվեց խնդրով:

«Արդյոք կանաչապատման համար նախատեսված բյուջեն չի բավականացրել և  ավելացվել է՝ հաշվի առբելով այն, որ ծավալներն իրականում չեն կրճատվել և դա ներկայացված հայտերից է ակնհայտ: Արդյոք սա նշանակում է, որ հնարավոր չէր նախատեսված բյուջեով ծավալները պահպանել և դուք իրականացրել եք վերաբաշխում»:

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ավելացրեց, որ մեկ վարչական շրջանում՝ Էրեբունիում,  կանաչապատման  ենթակա նոր տարածք է վերագույքավորվել, ինչի արդյունքում էլ անհրաժեշտ է եղել ավելացնել 30 միլիոն դրամը:

«Ինչի՞  է դա իրականացվել վերապատրաստման միջոցներից, որովհետև  նախկինում էլ մենք հայտարարել էինք, որ վերապատրաստման միջոցներն ամենամոտավոր  պլանավորվող թվերն են, քանի որ այս պահին չկան  կոնկրետ հայտեր»:


Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ կանաչապատման բյուջեն  մնացել է այնպիսին, ինչպիսին  ծրագրվել է, կանաչապատման աշխատանքների ծավալն ու որակը չեն տուժել: Շարունակում է պնդել, որ նախկին իշխանությունների ժամանակ կանաչապատման տարածքները գերագնահատվել են: Մյուս վարչական շրջաններում դա ակնհայտ է՝ ասում է: Այս  կարծիքի հետ համաձայն չէ  Դավիթ Խաժակյանը:

«Ես Ձեզ նորից կդիմեմ, երբ կանաչապատման վերաբերյալ բոլոր գնումները  ավարտվեն և նաև կհրապարակեմ հայտերը, ըստ որի կանաչապատման տարածքները ըստ քառակուսի մակերեսների չեն նվազել ներկայացված հայտերով»:   

Իսկ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հետաքրքրվեց , թե կանաչապատման,  իր ձևակերպմամբ, չարաբաստիկ բյուջեում արդյո՞ք նախատեսված են  նաև  Օպերայի և բալետի շենքի  հարակից տարածքների կանաչապատման ծախսերը: Հայկ Սարգսյանը նշեց, որ բյուջեում այդ ծախսերը հաշվի առնված են: Քաղաքապետ Հայկ Մարությանն ուղղեց ավագանու անդամին:

«Կանաչապատման բյուջեն չարաբաստիկ լինել չի կարող: Դա շատ բարի բան է»:

2018 թվականի բյուջեի հաշվետվության ընթացքում ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև 24 աղբահավաք  մեքենաների գնման մրցույթին: Այն  գնումների բողոքարկման խորհուրդը չեղյալ է հայտարարել՝ ուղղորդված տեխնիկական բնութագրերի համար և քաղաքապետարանին  պարտավորեցրել փոխել տեխնիկական բնութագրերը:  Դավիթ Խաժակյանին հետաքրքրում էր, թե մրցույթն ինչու չի հայտարարվում արդեն շտկված տեխնիկական բնութագրերով: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պնդեց, որ  մրցույթի պայմաններն ուղղորդված չեն եղել:

«Մրցույթը սահմանված կարգով  ներկայացվել է մրցութային օնլայն գնումների համակարգին, քաղաքապետարանի պահանջներին համապատասխան և քննող անձի կողմից ներկայացված դիրքորոշումը քաղաքապետարանը սահմանված կարգով  վիճարկում է դատարանում»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ավելացրեց, որ քաղաքապետարանը գիտի իրեն ինչ է անհրաժեշտ: Մենք ունենք փորձ: «Սանիթեք» ընկերության մեքենաները չեն կարողանում բարձրանալ աղբավայրի դժվարանցանելի ճանապարհով և երթևեկում են այլընտրանքային ճանապարհով ու վնասվում:

«Այնպես որ դառը փորձը կա, և մենք գիտակցում ենք, թե մեզ ինչ տեխնիկա է պետք։ Այլապես, եթե տեխնիկական բնութագիրը կապ չունի, այդ դեպքում ուղղակի կգրեինք՝ «Մեզ աղբահանության համար մեքենաներ են պետք» և վերջ՝ ով ինչ ուզում է, թող բերի, ամենաէժանը կհաղթի։ Բայց այդպես չէ»։

Մրցույթի վերահայտարարումն այս պահին կասեցված է: Այն տեղի կունենա, երբ քաղաքապետարանը կստանա  համապատասխան վճիռը:  

0:00
0:00