Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայ բժիշկների հերթական բացառիկ վիրահատությունը
2019-03-21 17:04:01

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայ բժիշկների գործած հերթական հրաշքի մասին. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են սիրիահայ Գևորգյանների երկամյա զավակի կյանքը, որը հիվանդանոց էր տեղափոխվել գլխուղեղի ծայրահեղ ծանր վնասվածքով: Երեք ամիս առաջ երեխայի ապրելու հավանականությունը չնչին էր, բայց 2-ամյա Նարեկն այսօր արդեն քայլում է:

Սիրիահայ Քևոների, այսինքն Գևորգյանների ընտանիքը վեց տարի առաջ տեղափոխվեց Հայաստան: Երկու տարի առաջ Երևանում ծնվեց նրանց երկրորդ ու երկար սպասված զավակը՝ Նարեկը:

Երեք ամիս առաջ ընդամենը մանկական աթոռից ընկած երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով:

Երեք ժամ տևած բարդ վիրահատության ընթացքում գանգի վրա լայն կտրվածք էր արվել, հեռացվել արյունակույտը: Ուղեղի այտուցի առաջացման վտանգ կար, դրա համար էլ հեռացված ոսկրային մասը սառեցվել ու պահվել էր:

Սա այն դեպքերից է, որ  կարելի է ասել՝ բժիշկները հրաշք են գործել, այն դեպքում, երբ  երեխայի ապրելու հավանականությունը չնչին էր: Երեխայի կյանքի համար պայքարը շարունակվեց նաև վիրահատությունից հետո: Շուրջ երեք շաբաթ Նարեկը վերակենդանացման բաժանմունքում էր՝ արհեստական շնչառությամբ:

Երեխայի կյանքի համար պայքարը անցյալում է, Նարեկն այսօր վերականգնողական փուլում է՝ դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ բուժում և այլն: Հետագայում վնասվածքի հետևանքների մասին բժիշկ, Կենտրոնի մանկական նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանն առայժմ վաղ է համարում խոսելը:

Նարեկի մայրը՝ Աստղիկ Մուրադյանը խոստովանում է. «Հույս չունեինք, որ երեխան կփրկվի: Վտանգ կար, որ փրկվելու դեպքում էլ  լիաժեք չի լինի, հաշմանդամ կմնա, բայց արդյունքը ինքներդ եք տեսնում»,-ասում է Աստղիկը:

Նարեկն այսօր քայլում է, անգամ առանց ձեռքը բռնելու: Երեք ամիս առաջ սա միայն անհավանական երազ կարող էր թվալ Աստղիկին: Նրա բնորոշմամբ՝ անհավանական է Նարեկի՝ բուժման մեջ առաջ գնալու արագությունը, ինչպես անհավանական էր չնչին պատճառով երեխայի ստացած սարսափելի վնասվածքը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասում է, որ կենցաղային նման միջադեպերից զատ, այսօր ավելացել են հատկապես ավտովթարների հետևանքով առաջացած ծանր վնասվածքները, երբեմն ողբերգական ավարտով:

Ողբերգական ավարտով ավտոճանապարհային միջադեպերի մտահոգիչ վիճակագրության մասին փաստում են նաև ՃՈ ներկայացրած վերջին ցուցանիշները:

0:00
0:00