ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հարկային օրենսգրքի փոփոխություններ. նոր ռիսկե՞ր, թե՞ հնարավորություններ
2019-03-22 18:52:53

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Խորհրդարան է ներկայացվել «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը, որը բավականին բուռն քննարկումների եւ տարակարծությունների առիթ է դարձել: Փաթեթի հետ կապված որոշակի առարկություններ ունեն նաեւ «Իմ քայլը» դաշինքի անդամ պատգամավորները:

Այդուհանդերձ՝ իշխող քաղաքական ուժը այս փոփոխություններն ընդամենը նախաբան է համարում եւ մտադիր է Հայաստանում փոխել ընդհանրապես հարկման գաղափարախոսությունը: Հարկման բեռի ծանրությունը եկամտի եւ շահույթի դաշտից պետք է տեղափոխվի հարստության դաշտ: Հակում ունես ճոխ ապրելու, ուրեմն պիտի ավելին հարկվես՝ հիմնավորում են նրանք:

Բիզնեսի տեսանկյունից երեք կարեւոր կետ կա, որ շտապում է անել երկրի ղեկավարումը ստանձնած քաղաքական ուժը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը թվարկեց՝ միկրոբիզնեսի հարկման շեմը կդառնա 24 մլն դրամ: Այսինքն՝ մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը հարկեր չի վճարելու:

Երկրորդը՝ շրջանառության հարկի շեմը 57 մլնից պետք է դառնա 115 մլն դրամ: Եկամտային հարկն էլ նվազեցվելու է՝ դառնալով համահարթ: Այս երեք բաղադրիչները թեպետ բյուջեի վրա բացասաբար են անդրադառնալու, սակայն, դրական ազդեցություն են ունենալու բիզնեսի վրա՝ համոզված են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչնեը:

Ակցիզային հարկի բարձրացման հետ կապված փոփոխությունների մասով առարկություններ ունեն ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ առաջարկվում է գազավորված ըմպելիքների ակցիզների բարձրացում՝ ըստ շաքարայնության, մինչդեռ, իրենք ճիշտ են համարում ակցիզային հարկը բարձրացնել ավելի թանկ խմիչքների մասով: ԲՀԿ-ն տարակուսում է նաեւ եկամտային հարկի համահարթեցման՝ 23 տոկոս սահմանելու արդյունավետության մասով:    

«Ամեն դեպքում, մենք կողմ ենք ավելի համարձակ փոփոխությունների, որոնք հեղափոխության նախադրյալներ կստեղծեն առնվազն: Այս իմաստով մենք մեր առարկությունները դեռեւս քննարկում ենք եւ ԱԺ քննարկումներում արդեն ամբողջովին կներկայացնենք»:
Պատգամավորներին լսելուց հետո օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առարկություններն էլ ավելի են շատանում՝ ձեւակերպեց ֆինսնսական հարցերով փորձագետ Հեվհաննես Ավետիսյանը: Ամենագլխավորն, ըստ նրա, այն է, որ այս փոփոխությունների նպատակը հռչակվել է մրցակցային հնարավորությունների ավելացում գործարարների համար, մինչդեռ, առաջարկվող փոփոխություններով դա չի ապահովվում:

«Որովհետեւ հարկային բեռը ուղղակի հարկերից տեղափոխվում են անուղղակի հարկեր: Ինչու եմ կարծում, որ սրանք չեն աշխատելու. լրացուցիչ հարկերի նվազեցումը բերելու է պետական բյուջեի եկամուտների նվազեցման, սակայն մրցակցային առավելություններ չի տալու: Ես ավելի քան համոզված եմ դրանում»:

Փաթեթի հետ կապված առարկություններ, իհարկե, կան նաեւ «Իմ քայլը» խմբակցության ներսում. թեժ քննարկումներ են եղել նաեւ կառավարությա հետ ասաց Հայկ Գեւորգյանը:

Ֆինանսական հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանի խոսքով՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները կառավարությունը փորձում է կռահումներով անել, մինչդեռ դա այն խնդիրն է, որի մասին պետք է խոսել ոչ թե կռահումներով, այլ  հստակ հաշվարկների հիման վրա, ինչը եւ կառավարությունը պարտավոր է անել: Հայկ Գեւորգյանը շեշտեց, որ բերված փոփոխությունները ընդամենը նախաբանն են, եւ իշխող ուժը Հայաստանում փոխելու է ընդհանրապես հարկման գաղափարախոսությունը՝ շահույթի եւ եկամտի հարկումից բեռը տանելով դեպի հարստության հարկում:  

0:00
0:00