ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մանկապարտեզ ընդունվելու հերթագրումը կդյուրինացվի. գործընթացը մեկնարկել է
2019-03-23 18:27:57

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մանկապարտեզ ընդունվելու համար հերթագրման գործընթացը թեթևացնելու նպատակով  Երևանի քաղաքապետարանը շուտով կգործարկի առցանց գրանցման համակարգը: Ինչպե՞ս պետք է գրանցվել և արդյո՞ք գրանցման նոր ձևը կբացառի ծանոթ-բարեկամի միջոցով ընդունելությունը:

Մանկապարտեզներում երեխաների ընդունելությունը,  շատերը կփաստենբուհ ընդունվելուց էլ դժվար գործընթաց էր: Ծնողները երեխաներին հերթագրում էին, բայց մինչև նրանց դպրոցահասակ դառնալը  նախադպրոցական կրթության  հնարավորություն չէին ունենում: Զրուցակիցս՝ 4 տարեկան Արիաննայի մայրը,  երեխային  հերթագրել է Էրեբունի վարչական շրջանում գործող համար 69 մանկապարտեզ ընդունվելու համար, երբ երեխան դեռ 2 տարեկան էր: Այդ ժամանակ փոքրիկը 34-րդ համարն էր:

«2017 թվականին, երբ 2 տարին  լրացել է, տարել եմ միանգամից գրանցել: Ու ասեցին արդեն սեպտեմբերին երեխան կհաճախի: Սակայն օրենք ընդունեցին, որ երեքը պետք է լրանա, նոր ընդունեն: Ու անընդհատ հերթի փոփոխություն էր տեղի ունենում»:

Երևանի ավագանու մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն արդեն մեկ ամիս է  տարբեր վարչական շրջաններում հանդիպում են նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների հետ և քննարկում մանկապարտեզբներին վերաբերող տարբեր հարցեր: Առաջնային խնդիրներից մեկը, որ ծնողները բարձրաձայնում են,   հերթագրման հարցն է: Ավագանու անդամները բազմաթիվ ահազանգեր են ստացել՝  ասում է Սաթենիկ Մկրտչյանը:   

 «Պարզվել է, որ իրենք գիտեն, որ գրանցված են, ունեն համապատասխան կտրոն, բայց կայքում իրենց երեխայի տվյալները չեն տեսնում: Մենք, իհարկե, նման դեպքեր ունենք: Բայց պարզել ենք, որ երեխայի ծնողներին երեքօրյա ժամկետում չգտնելու պատճառով, երեխան հերթից դուրս է մնացել: Իրականում դրանք այնպիսի դեպքեր էին, որ երեխայի ծնողներին չգտնելու պատճառաբանությունը չէր համապատասխանում իրականությանը: Եվ կարողացանք վերականգնել»:

Քաղաքապետարանը, սակայն,  գտել է գործընթացը  հեշտացնելու ճանապարհը: Առաջիկայում կգործարկվի մանկապարտեզներում առցանց հերթագրման համակարգը: Mankapartez. yerevan.am կայքը  դեռևս հասանելի չէ ծնողներին, սակայն թեստային ռեժիմում որոշ գրանցումներ արվել են, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց   քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Ինքը մուտք է գործում, ստեղծում է իր օգտատիրոջ անունն ու ծածկագիրը,  որից հետո ինքը մուտք է գործում  որպես օգտատեր, ներբեռնում է երեխայի տվյալները  , հաջորդ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, մոդերատորի կողմից ստուգվում է և իր բջջայինի վրա ստանում է հաղորդագրություն, որ երեխան  հերթագրվել է: Եվ դրանից հետո մուտք գործելով կայք, դուք կտեսնեք անուն ազգանունը և իր համարը»:

Այս պահին կա հերթագրված 8917 երեխա, նրանցից  7216-ը համապատասխանում է  տարիքային խմբերին: Սակայն թվերը վերջնական չեն՝ ասում է  փոխքաղաքապետը, նաև վստահեցնում, որ  նոր  համակարգի գործարկման դեպքում ծանոթ-բարեկամի միջոցով հերթն առաջ գցելը  բացառվում է:

 «Չկա տենց բան, չի կարող լինել տենց բան: Մարդկային գործոնի միջամտություն չկա:Այսինքն՝ մոդերատորները,  կայքի ադմինիստրացիան ընդամենը հետևում են, որ կայքն աշխատի»:

Քաղաքապետի 2018 թվականի որոշմամբ՝  ավելացել են այն խոցելի խմբերը, որոնք հնարավորություն կունենան արտահերթ  ընդունվել մանկապարտեզ: Խոսքը  ազատամարտիկի, զինծառայողի, զոհված զինծառայողի, երկկողմանի ծնողազուրկ, սիրիահայ, բազմազավակ  ընտանիքների երեխաների մասին է: Քաղաքապետարանը  քննարկում է  այս խմբերն ընդլայնելու հարցը:

Քաղաքապետի հատուկ կարգադրությամբ՝ 2019-ին  2018-ից  1000-ով  ավելի երեխա  հնարավորություն կունենա հաճախել մանկապարտեզ: Նրանց համար քաղաքապետարանը բյուջեից կհատկացնի 400 մլն դրամ: «2019 թվականին  հերթագրվածների թիվը, որ ունենք, այսինքն՝  8918 երեխա կդառնա 7918- դիմաց»:

Իսկ նոր խմբեր ձևավորելու համար քաղաքապետարանն անելու է հնարավոր ամեն ինչ՝  ֆինասական հարցերից մինչև մանկապարտեզներին պատկանող, բայց վարձակալված  տարածքների վերադարձ: «Կամքը կա, գումարը հատկացվում է, գործընթացը մեկնարկել է»:

Քաղաքապետարանում վստահ են, որ համակարգը ծնողին կտա մաքսիմալ հարմարավետություն. տանը նստած համակարգչի միջոցով կկարողանան  գրանցել երեխային ու հետևել նրա հերթին:

0:00
0:00